ՀՆԱՐԱՄԻՏ ԻՆՔՆԱՓՐԿԻՉԸ

Կեղծ ահազանգ՝ սիրուհուց գլուխն ազատելու համար

Օրեր առաջ Հնդկաստանի երեք օդանավակայաններում տագնապ է հայտարարվել, որովհետև հաղորդում է ստացվել, թե ինքնաթիռներ են գրավվել: Մումբա, Չեննայ և Հայդարաբադ քաղաքների օդանավակայաններում իրարանցում է սկսվել, չվերթները հետաձգվել են, մարդիկ տագնապահար սպասել են… 
 
Հիմա արդեն ոստիկանությունը բացահայտել է, որ ոչ միայն ինքնաթիռներ չեն գրավվել, այլև նման սպառնալիք չի էլ եղել (հաղորդել է «Ռաշա թուդեյ»-ը): Պարզապես երեսնամյա մի ուղևորի հարկավոր է եղել, որ իր սիրուհին նշանակված ժամին տեղ չհասնի: Կեղծ ահազանգը հնչեցրել է Հայդարաբադ քաղաքի բնակիչ Վամշի Կրիշնան, որն աշխատում է զբոսաշրջության ոլորտում: 
 
Կին ու երեխա ունենալով հանդերձ՝ նա համացանցի միջոցով սիրավեպ է սկսել Չեննայ քաղաքի մի բնակչուհու հետ: Վամշին պայմանավորվել է, որ ապրիլի 16-ին պետք է այդ կնոջ հետ Մումբայում հանդիպի, և նրա համար կեղծ էլեկտրոնային ավիատոմս է պատրաստել: Ժամանակակից մարտաֆիլմերի ոգով դաստիարակված երիտասարդը ստեղծված դրությունից դուրս գալու համար Մումբայի ոստիկանություն նամակ է ուղարկել ինքնաթիռների գրավման մասին, և դրա շնորհիվ չվերթը հետաձգվել է: Այս երիտասարդի բարոյական կերպարի մասին հենց միայն ընտանիքից դուրս արգելված հաճույքներ փնտրելն է խոսում: Այնպես որ՝ զարմանալի չէ, որ նա հազարավոր մարդկանց գործերը ձախողել է՝ միայն իր խղճուկ անձին սպառնացող գլխացավանքից ազատվելու համար: Բայց չէ՞ որ նրա նմաններով աշխարհը լիքն է: 
 
Երկրագնդի բնակչության նյարդերը քիչ են լարված իրական ահաբեկչություններից ու առևանգումներից, դեռ մարդիկ ստիպված են կրել նաև կեղծ ահազանգերի տագնապն ու խուճապը: Քանի անգամ են հենց միայն Երևանում կեղծ ահազանգեր տարածել, թե ինչ-որ շինությունում, դպրոցում կամ հիմնարկությունում ռումբ է տեղադրված: Բարեբախտաբար, ոչ մի այդպիսի ռումբ չի պայթել, դրանք բոլորն էլ սուտ են եղել: Սակայն եթե նույնիսկ հաշվի չառնենք, որ բազմաթիվ մարդիկ սարսափի են մատնվել, ուրիշները լուրջ գործերից կտրվել են՝ ամեն ինչ պարզելու և իրավիճակը վերահսկելի պահելու համար, այսպիսի նախադեպերը չէ՞ որ նաև զգոնությունն են բթացնում: Մարդիկ սկսում են մտածել՝ դարձյալ սուր զգացողությունների սիրահար մի թուլակամ կամ ինչ-որ չարամիտ մարդկանց նյարդերն է փորձության ենթարկում: Իսկ զգոնությունը նման գործերում հաճախ փրկության միակ ելքն է լինում: 
 
Երևի արդարադատությունը ճիշտ կանի՝ կեղծ ահազանգ հնչեցնողներին ահաբեկիչների չափ խստորեն դատի: Սակայն մեդալը մեկ այլ երես էլ ունի. իսկ եթե մարդուն թվացել է, թե իրոք ահաբեկչություն է պատրաստվում, և իսկույն ահազանգել է՝ հույս ունենալով կանխել… 
 
Իրոք որ բարդ ժամանակներում ենք ապրում: