ԱԼԻԵՎԻ ԲԱՑԱՀԱՅՏ ՀՈՎԱՆԱՎՈՐ ԱԳՐԱՄՈՒՆՏԸ

Կառույցի հեղինակությունը ևս մի բան արժե

Վեջապես աշխարհում սկսում են նկատել, որ եվրոպական կառույցներում ներգրավված Ադրբեջանը կեղտոտ խաղեր է տանում: Ով, ով, մենք չենք մոռացել, թե ինչպես էր նույն Եվրոպան ամեն մի չնչին հարց վճռելու համար Հայաստանին այնքան սպասեցնում՝ մինչև հնարավոր դառնա Ադրբեջանին նույնպես հավասար աչքով նայել: 
 
Այլ կերպ ասած՝ նրանց համար ոչ մի նշանակություն չուներ (և մինչև այսօր էլ չունի), թե Հայաստանը կարող է իրենց չափանիշներին համպատասխան ցուցանիշներ ունենալ: Կարևորն այն է, որ հանկարծ Հայաստանի ու Ադրբեջանի  միջև տարբերություն չդրվի: Խորհրդային Միության ականջը կանչի՝ մինչև հիմա էլ քննադատում ենք, թե իր տարածքի բոլոր ազգերին ու ցեղերին հավասար հարթակների վրա էր դնում: Ամենաթունդ քննադատողն էլ միշտ Եվրոպան է եղել:
 
Այն, որ Ադրբեջանը փորձել է կաշառել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին, որպեսզի իրենց նախագահ Իլհամ Ալիևին քննադատող զեկույցների դեմ ձայներ ապահովի, արձագանք է գտել բրիտանական հայտնի «Գարդիան» պարբերականի էջերում: Որոշ խորհրդարանականներ պնդել են, որ հաջորդ շաբաթ ԵԽԽՎ-ն հակակոռուպցիոն հետաքննություն սկսի, քանի որ ձայների կեղծման նոր մեղադրանքները հարցականի տակ են դրել կառույցի հեղինակությունը: Մանրամասների մեջ չխորանալով՝ մի փոքրիկ մեջբերում պարբերականի հրապարակումից. 
 
- ԵԽԽՎ-ի դեմ «խավիարային դիվանագիտության» մեղադրանքները տարիներ շարունակ պտտվել են՝ Ադրբեջանին մեղադրելով դրական ձայների դիմաց գումար և շքեղ նվերներ առաջարկելու համար:
 
Այս մեղադրանքները նոր թափ են ստացել, երբ Իտալիայում հետաքննություն է սկսվել իտալացի պատգամավոր Լուկաս Վոլոնտեի դեմ: Այս տարվա հունվարին ԵԽԽՎ պատգամավորների մեկ հինգերորդը կոչ է արել շտապ հետաքննություն սկսել,  սակայն վեհաժողովի առաջնորդները մարտին տեղի ունեցած նրանց վերջին հանդիպման ժամանակ համապատասխան որոշում չեն կայացրել: Քանի որ հերթական հանդիպման ժամանակը հասել է, վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի նկատմամբ ճնշումն ավելանում է, որպեսզի այդպիսի հետաքննություն վերջապես կատարվի:
 
Որ Ադրբեջանը Ագրամունտի բացահայտ հովանավորությունն է վայելում՝ վաղուց արդեն հայտնի է: Թե ինչ դեր ունեն այդտեղ ադրբեջանական չարչրկված նավթադոլարները, ինքն ավելի լավ կիմանա: Որքան էլ հայրենի Իսպանիայում Արգամունտին այնքան էլ մեծ նշանակություն չեն վերագրում, սակայն նա ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ լինելով Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով ԵԽԽՎ-ի հաշվետուն: Մարդու իրավունքների պաշտպաններն Ագրամունտին քննադատում էին, թե նա կապեր ունի Ադրբեջանի կառավարության հետ և բազմիցս աչք է փակել այնտեղ մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին վրա: 
 
Գուցե թե «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու» ասացվածքը Եվրոպայում էլ է տարածված, և իրենց իսկական եվրոպացի համարողները արդեն չեն ուզում կաշառքը քաղաքական միակ լծակ համարող ասիական նորաթուխ պետության գործիչներին հավասարվել: Այս հարցը բարձրացնող «Գարդիանն» էլ դժվար թե փորձի վերլուծել, թե այդ պետության գործիչների բացահատ լկտիության մեջ ինչ դեր ունի իր հարազատ երկրի նավթային հսկան՝ «Բրիթիշ փեթրոլիումը»: Մի բան սակայն, իրոք դրական է՝ ԵԽԽՎ պատգամավորներից շատերը չեն ուզում իրենց կառույցը հեղինակազրկված տեսնել, որի ստվերը կտարածվի իրենցից յուրաքանչյուրի վրա: 
 
Մենք լավ գիտենք, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի սլաքները հիմնականում ուղղված են Հայաստանի դեմ, և ամեն անգամ, երբ այնտեղ ոչ հայանպաստ որոշում է ընդունվում, նրա ականջներն անպայման տեսնում ենք: Միայն թե տեսնելը քիչ է՝ գործել և նպաստավոր հանգամանքներից օգտվել է հարկավոր: