Հնդկաստանն ուզում է իր անվտանգությունն ապահովել Agni բալիստիկ հրթիռների հրով

Անցած կիրակին Հնդկաստանը նշանավորել է իր զինանոցի հզոր միջոցներից մեկը փորձարկելով: Agni-IV բալիսիտիկ հրթիռները կարող են կրել տարբեր մարտագլխիկեր, այդ թվում՝ միջուկային: NDTV հեռուստաալիքը մասնավորել է, որ հրթիռն արձակվել է Աբդուլ Քալամ կղզու զինափորձարանից, որը գտնվում է Բենգալյան ծոցում՝ Օշիդա հարավային նահանգի առափնյա տարածքում:
 
- Այս նորագույն հրթիռը սարքավորված է ավիացիոն արդիական և խիտ ռադիոէլեկտրոնիկայով, որը հնարավորություն է տալիս հուսալիության և ճշգրտության բարձր մակարդակ ապահովել,- Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (ՊՀԶԿ) տարածած տեղեկատվությունից մեջբերել է հետուստաալիքը:
 
Կիրակնօրյա փորձարկումը եղել է 7-րդը: ՊՀԶԿ-ի տեղեկատվությամբ՝ Agni-IV-ը հնարավորություն ունի հաղթահարելու 4000 կմ տարածություն: 
 
Հաղորդվում է, որ Հնդկաստանի զինանոցում Agni ընտանիքի մի քանի տեսակի հրթիռներ են առկա: (Ագնի՝ կրակ, որը առկա է նաև մեր ռազմի աստված Վահագնի անվան մեջ: Ոմանք Վահագնին հնդկական ծագում են վերագրում, սակայն շատ ավելի հավանական է հակառակ տարբերակը: Հիշենք, որ Վահագնի առաջին՝ վահ մասնիկը հայոց մեջ մեծ տարածում ունի): Agni-I-ը 700 կմ հեռահարություն ունի, Agni-II –ը՝ 2000, Agni-III-ը՝ ավելի քան 3000: Նաև ակնկալվում է, որ Հնդկաստանի զինանոցը շուտով կհամալրի ավելի քան 5000 կմ հեռահարության Agni-V-ը:  
 
Նշվում է, որ արդեն իսկ մշակվում է նաև Agni-VI հրթիռը՝ 10 000 կմ հետահարությամբ, որը հնարավոր է արձակել նաև սուզանավից: 
Հիշեցնենք, որ Աշխարհի հիմնախնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի ինստիտուտի հետազոտությունը ցույց էր տվել՝ 2017թ. ավելացել են հնդկական զենքարտադրողների վաճառքի ծավալները: Անցած դարի կեսերին բրիտանական գաղութատիրությունից տարածքների նշանակալի մասը կորցնելու գնով անկախացած Հնդկաստանը, որտեղ, ըստ էության, ապրում է մոլորակի 7 բնակչից առնվազն մեկը, զենքի արտադրությունը դարձնում է իր գերակայություններից մեկը:
 
Արդի աշխարհում, տարակույս չկա, միայն այդ գնով կմնաս անկախ և կկերակրես բնակչությանդ: Բայց քանի՞ միլիարդ մարդ կկարողանար մեր մոլորակի վրա ապահով ու կուշտ ապրել, եթե աշխարհի պետությունների մեծ մասը իրենց գումարներն ու հնարավորություններն ուղղեին մարդու բարօրությանը, այլ ոչ թե նրան ոչնչացնելու միջոցների արտադրությանը…