Ընդդեմ տիեզերական տարածքի ռազմականացման

Ինչպես ամիսներ առաջ ազդարարվել էր՝ Միացյալ Նահանգներում տիեզերական զորքեր են ստեղծում: Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր արձակել երկրի Զինված ուժերի համակարգում Տիեզերական ուժերի հրմանատարություն ստեղծելու վերաբերյալ:
 
Տիեզերքի ռազմականացման փորձին խիստ դեմ է արտահայտվել Չինաստանի արտգործնախարարությունը:
 
Դեկտեբերի 19-ին ասուլիսի ժամանակ այդ մասին խոսել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական երկայացուցիչ Հուա Չունյին՝ մեկնաբանելով երկրի զինուժի համակարգում Տիեզերական ուժերի հրամանատարություն ստեղծելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնլդ Թրամփի հրամանը: 
 
- Մենք տիեզերքի ռազմականացմանը հետևողականորեն դեմ ենք հանդես գալիս: Մենք դեմ ենք տիեզերական տարածությունը որպես պատերազմի նոր ասպարեզ օգտագործելուն,- հայտարարել է դիվանագետը: 
 
Տիկին Չունյին նաև շեշտել է, որ տիեզերական տարածքն ընդհանուր է: 
ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հույս է հայտնել, որ բոլոր շահագրգիռ կողմերը, հատկապես հզոր զինուժ ունեցողները, որոշակի միջոցներ կձեռնարկեն տիեզերական տարածությունում խաղաղությունը պահպանելու համար: 
 
Ենթադրվում է, որ տիեզերական ուժերը կդառնան ԱՄՆ Զինված ուժերի 6-րդ լիարժեք տեսակը՝ համալրելով  Ցամաքային ուժերը, Ռազմաօդային ուժերը, Ռազմածովային ուժերը, Ծովային հետևակի կորպուսը և առափնյա պաշտպանությունը: Ծրագրվում է 2020թ. Պենտագոնի կազմության մեջ ստեղծել Տիեզերական ուժերի նախարարություն: Այս պահին Պենտագոնի կազմում երեք նախարարություն կա, որոնք կառավարում են ԶՈՒ համապատասխան տեսակները՝ Ցամաքային զորքերը, Ռազմածովային ուժերը և Ռազմաօդային ուժերը:
 
Չինաստանի բողոքը, իհարկե, տեղին է: Միայն թե ուշացած չէ՞ արդյոք: Վաղուց է խոսվում, որ մերձավոր տիեզերքը հագեցած է արդիական զինատեսակներով, և որ ոչ մի տիեզերանավ երկինք չի թռչում՝ առանց ռազմական որոշակի ծրագրերի: