«Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծով 24 երկրում 240 հազար աշխատատեղ է ստեղծվել

Չինաստանը շարունակում է առաջ մղել աշխարհի որոշակի հատվածը տնտեսական ու առևտրային կապերով միավորելու նախաձեռնությունը և արդեն խոսում է «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագգծի արդյունքների ու դրան նվիրված երկրորդ համաժողովի մասին: China Daily լրագրի դեկտեմբերի 17-ի հրապարակումը ներկայացնում է դրանց վերաբերյալ Չինաստանի Կոմկուսի ԿԿ գրասենյակի արտաքին գործերով հանձնաժողովի ղեկավար Յան Ցզեչիի գնահատականը:
 
- Այս պահին չինական ընկերությանները նախաձեռնության մասնակից 24 երկրում հիմնել են տնտեսական և առևտրային համագործակցության 82 գոտի, ինչը հնարավորություն է տվել ստեղծել 240 հազար աշխատատեղ: Այս տարի լրանում է «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծի 5-րդ տարին, և ավելի քան 140 պետություն ու միջազգային կազմակերպություն համաձայնագիր են ստորագրել նախաձեռնությունը համատեղ իրականացնելու մասին,- Յան Ցզեչիի խոսքերն է մեջբերել թերթը:
 
Նրա խոսքվով՝ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծին նվիրված երկրորդ համաժողովը (նախատեսված 2019թ. ապրիլին Պեկինում) կամփոփի 5 տարում ձեռք բերված արդյունքները և ծրագիր կմշակի նախաձեռնության շրջանակներում համագործակցելու վերաբերյալ: 
 
- Երկրորդ համաժողովը հզոր ազդանշան կլինի՝ դուրս գալու հովանավորչության դեմ և համագործակցելու համընդհանուր բաց տնտեսություն ձևավորելու գործում,- մատնանշել է Ցզեչին: 
 
Առաջին համաժողովը, նույնպես Պեկինում, տեղի է ունեցել, 2017թ.: Դրան մասնակցել են 29 պետությունների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներ: 
 
Չինաստանի ղեկավարության «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությունը միավորում է «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» և «XXI դ-ի ծովային մետաքսի ճանապարհ» նախագծերը, որոնք առաջ էին քաշվել 2013թ. սեպտեմբերին: Այն ենթադրում է երկկողմանի համագործակցության հուշագրեր պետությունների հետ, որոնք գտնվում են Եվրասիական տրանսպորտային երթուղիներում: Նախատեսվում է հենց այդ երթուղիների երկայնքով «զարգացման տնտեսական միջանցքներ» կառուցել:
 
Միջնադարում Մետաքսի ճանապարհը, որի գլխավոր հանգույցներից է եղել Հայաստանը, առնչվող երկրների կյանքում մեծ ու բազմակողմանի դեր է կատարել: Բայց վերջիվերջո քայքայվել ու նշանակությունը կորցրել է: Աշխարհի 24 երկրում 240 հազար աշխատատեղը, իհարկե, դրական արդյունք է: Բայց արդյո՞ք նման ծրագիրը չի նպաստի Չինաստանի կամ արդի մեկ այլ պետության ծավալպաշտությանը: Աշխարհում չարիքն այնքան է շատացել ու այնպես է քողարկվել, որ ամենահիանալի երևույթն անգամ կարող է ի վերջո մարդկության գլխին չարիք դառնալ: