Օդի աղտոտվածության պարճառով տարեկան մոտ 7 մլն մարդ է վաղաժամ մահանում

Եղանակային պայմանների փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի համաշխարհային համաժողովը լեհական Կատովիցե քաղաքում ավարտվել է շաբաթավերջին: Այնտեղ ընդունվել է Փարիզյան համաձայնագրի իրացման կանոնների ժողովածուն: Արծարծվել են հարցեր, թե ինչպես պետք է երկրները հաշիվ տան ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու համար ձեռնարկած միջոցառումների մասին, ինչպես տեղեկացնել եղանակային պայմանների փոփոխությանը հարմարվելու գործողությունների մասին, ինչպես զեկուցել միջոցներ հատկացնելու և դրանք  ծախսելու վերաբերյալ:
 
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդ միջոցառման արդյունքները լիովին բավարար է համարել Ֆինլանդիան, և նրա ներկայացուցիչներն ասել են, որ ընդունված կանոնները բոլորի համար ընկալելի են, դրանք կապահովեն համաձայնագրի կատարյալ իրականացումը, իսկ եղանակային պայմանների փոփոխության համար պատասխանատու է յուրաքանչյուրը: 
 
Միացյալ Նահանգները, սակայն, այդ յուրաքանչյուրի մեջ իրեն չի տեսնում: Պետքարտուղարության ներկայացուցիչը հատարարել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել՝ իրենք Փարիզի համաձայնագրին չեն մասնակցելու: Ավելի վաղ ամերիկացիները հայտարարել էին, թե համաձայնագրից դուրս կգան, եթե իրենց ձեռնտու պայմաններ չընձեռեն: Լեհաստանում տեղի ունեցած համաժողովում նրանք արդեն հրաժարվել են այդ գործով ծանրաբեռնվել կամ որևէ  պարտավորություն ստանձնել: 
 
Այս համաժողովում ներկայացվել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցը: Այնտեղ ասվում է, որ ամեն տարի աշխարհում օդի աղտոտվածության պարճառով վաղաժամ մահանում է մոտ 7 մլն մարդ, իսկ տնտեսական վնասը գերազանցում է  տարեկան 5 տրլն դոլարը: 15 երկրում, որոնց բաժին է հասնում ջերմոցային գազերի արտանետման ամենաբարձր մակարդակը, օդի աղտոտվածության հետևանքով առողջապահության համակարգում ՀՆԱ-ի 4%-ի կորուստ է լինում:
 
Եղանակային պայմանների մասին Փարիզի համաձայնագիրը ուղիղ 3 տարի առաջ տորագրել է 194 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Միացյալ Նահանգները ևս այն ժամանակ պատրաստակամ է եղել մասնակցելու համընդհանուր տաքացման դեմ պայքարին, սակայն Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո, ի թիվս այլ միջազգային պայմանագրերի, սրանից նույնպես հրաժարվել է: Ըստ էության՝ Լեհաստանում Միացյալ Նահանգները վերահաստատել է իր դիրքորոշումը՝ սեփական տնտեսությունը առաջ մղել մոլորակի ապագայի հաշվին: