Պենտագոնը Թուրքիային նախազգուշացնում է

Սիրիայի տարածքում անցյալում իրականացնելով «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողությունները՝ Թուրքիան այժմ մտադիր է երրորդ անգամ ներխուժել հարևան երկրի տարածքը, այս անգամ՝ ռազմական գործողություններ իրականացնելու Եփրատից արևելք: Այդ մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսել է դեկտեմբերի 12-ին: Հայտարարված նպատակը տվյալ տարածքը քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» խմբավորումից մաքրելն է:
 
Խմբավորումը Անկարան համարում է Թուրքիայում արգելված՝ Սիրիայի «Քրդական աշխատավորական կուսակցության» ճյուղավորումը:  
 
Էրդողանի պնդել է, թե Թուրքիայի այդ քայլը կնպաստի   Սիրիայի խնդրի քաղաքական կարգավորմանը և հնարավորություն կտա «այդ տարածքն անվտանգ և տեղական բնակաչության համար առավել պիտանի դարձնել»: Մի բան, սակայն, Էրդողանի հայտարարության մեջ Պենտագոնին դուր չի եկել: Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ գործողությունների «թիրախներում չեն լինի ԱՄՆ զինծառայողներ», որոնք այժմ այդ շրջաններում են գտնվում: 
 
Նույն օրը Էրդողանի հայտարարությանն արձագանքել է Պենտագոնը: Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունները ԱՄՆ զինվորականությունն անթույլատրելի է համարում: Այդ միտքն արտահայտել է ամերիկյան պատպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Շոն Ռոբերտսոնը: 
 
- Միակողմանի ռազմական գործողությունները, ինչ երկիր էլ դրանք անցկացնի, մանավանդ այն դեպքում, երբ այնտեղ կամ մոտակայքում կարող են ամերիկյան զինծառայողներ ներկա լինել, լուրջ մտահոգություն են առաջացնում: Մենք նման բաներն անընդունելի կհամարենք,- նախազգուշացրել է Պենտագոնի ներկայացուցիչը:  
 
Արգենտինայում վերջերս տեղի ունեցած G20-ի մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը նաև հայտարարել էր, թե Անկարան մոտ ժամանակներս ահաբեկչական կազմավորումներից կմաքրի Եփրատ գետի արևելքը: Այնպես որ՝ նոր գործողություններ են սպասվում, ու դժվար թե ԱՄՆ-ի այս նախազգուշացումը Անկարային հետ կանգնեցնի: Ավելի հավանական է, որ նրանք համաձայնության կգան: