ՌԴ-ում ահաբեկչական 37 բջիջի գործունեություն է կասեցվել

ՌԴ Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի նախագահ, ԱԴԾ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը երեքշաբթի իր ղեկավարած հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է, որ 2018թ. դաշնության տարածքում դադարեցվել է գործունեությունը ահաբեկչական 37 բջջի, որոնք գործողություններ էին ծրագրել Հյուսիսային Կովկասում:
- Դարեցված է ահաբեկչական 37 բջջի գործունեությունը, որոնք ծրագրել էին ահաբեկչություն իրականացնել Դաղստանում, Ինգուշիայում, Չեչենական հանրապետությունում և Ստավրապոլի երկրամասում,- ասել է Բորտնիկովը:
Նրա խոսքով՝ ահաբեկչությունն անենաշատը տեղ է գտնում հյուսիսկովկասյան դաշնային շրջանում:
- Դրա հետ մեկտեղ, միջազգային ահաբեկչական կազմակերպությունները փորձեր են ձեռնարկում՝ աշխուժացնելու ահաբեկչության տարածումը նաև երկրի այլ շրջաններում, այդ թվում՝ որպես կատարողներ ներգրավելով Կենտրոնական Ասիայի երկրների ներգաղթյալներին,- նշել է բանախոսը:
Այն, որ Ռուսաստանում պայքարում են ահաբեկչության դեմ և բացահայտում ու ոչնչացնում նրանց կազմակերպությունները, միանգամայն գովելի է: Միայն թե նման գործունեության հետ անհամատեղելի է այդ պետության հանդուրժողականությունը այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսիք Ադրբեջանն ու Թուրքիան են: Ինչպե՞ս է պաշտոնական Մոսկվան իր տարածքում արմատախիլ անելու ահաբեկչությունը, երբ զենք է վաճառում այս երկուսին: Մի՞թե կասկած կա, որ այդ զենքը մի օր կարող է հայտնվել դեռևս չկասեցված բջիջների «իգիթների» ձեռքին և նյութական ու մարդկային կորուստներ բերել հենց դրանք արտադրողին: