Հեռախոսային «դիվանագիտություն» կամ շուկայական մրցակցության նոր «մշակույթ»

Ճապոնիայի կառավարությունը երեկ արգելել է կապի շուկայի չինական հսկաներ Huawei-ի և ZTE արտադրանքը՝ պատճառ բերելով թաքնված լրտեսության վտանգը: Արգելքը կսկսի գործել արդեն եկող տարեսկզբից:
 
Դա արվել է Քիբերանվտանգության առաջընթացի գծով կառավարական հանձնաժողովի սահմանած կարգի համաձայն: Ճապոնիայում այսպես է կոչվում այն մարմինը, որը մշակել է պետական կառույցների, ինչպես նաև երկրի  ինքնապաշտպանության ուժերի համար համակարգչային և հեռահաղորդակցության միջոցների գնման նոր կարգը: Ըստ այդմ, մատակարարների թվից բացառում են այն ընկերություններին, որոնք կարող են վտանգ ներկայացնել ազգային անվտանգության համար: 
 
Ընդ որում, կառավարությունում երեկ ընդունված որոշման ձևակերպումները քննարկել են շատ ուշադիր, քանի որ նման միջոցառումները կարող են Պեկինի դժգոհությունը հարուցել: Առանց այն էլ Չինաստանի ԱԳՆ-ն դեռևս անցած շաբաթ է անհանգստացել և Ճապոնիայի շուկայում արդար մրցակցության կոչ է արել: Իսկ որոշումը հրապարակվելուց հետո անմիջապես բողոքել է Տոկիոյում Չինաստանի դեսպանությունը:
 
Նշվում է, որ Ճապոնիայի որոշումը հանկարծակի էր, այն ընդունվել է «քսանյակի գագաթնաժողովից վերադառնալուց անմիջապես հետո և դատելով ամեն ինչից՝ արդյունք է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման: Վաշինգտոնն ինքը այդ ընկերություններին բացահայտորեն մեղադրում է չինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար և ըստ էության նրանց համար փակել է ամերիկյան շուկան:  
 
Ուշագրավ է, որ դիվանագիտական այս թնջուկում ներգրավվել է նաև Կանադան: Կանադայում ձերբակալել են Huawei–ի ֆինանսական տնօրեն Մեն Վանչժուին ՝ կասկածելով պատժամիջոցները շրջանցելու գնով Իրանի հետ առևտուր անելու մեջ: Տիկին տնօրենը երդումով հայտարարել է, թե անմեղ է, սակայն հարց է դրված նրան Միացյալ Նահանգներ արտաքսել: Չինաստանի ԱԳՆ-ն Կանադայի դեսպանին գերատեսչություն է կանչել, ինչպես նաև հետաձգել է հանդիպումը այդ երկրի առևտրային պատվիրակության հետ: