Մեյի կառավարությունը խորհրդարանում արդեն ամուր հենարան չունի

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի վերաբերյալ բրիտանական խորհրդարանում քվեարկությունը նշանակված է դեկտեմբերի 11-ին, իսկ մինչ այդ Թերեզա Մեյի կառավարությունը պետք է կարողանա պատգամավորներին համոզել, որ կողմ քվեարկեն:
 
Այս օրերին Մեյը փորձում է Բրյուսելի հետ ձեռք բերված և համաձայնեցված համաձայնագրի շահավետությունն ապացուցել համայնքների պալատին, որտեղ իր կուսակցությունը փոքրամասնություն է: Այնտեղ տիրող իրավիճակը հիմք է տալիս ասելու, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը բացորոշ հանդես է գալիս Մեյի կառավարության դեմ:
 
Շոտլանդիայի ազգային կուսակցություն (SNP) խորհրդարանական խմբակցության առաջնորդ Իան Բլեքֆորդը, օրինակ, հայտարարել է, թե վարչապետ Թերեզա Մեյը Brexit-ի պայմանների վերաբերյալ մոլորեցնում է խորհրդարանականներին, իսկ նրա կառավարությունը թաքցնում է ԵՄ-ի հետ նախատեսվող «գործարքի» փաստերը:  
 
Այդ ելույթը բուռն արձագանք է գտել խորհրդարանում, ոմանք սկսել են պաշտպանել վարչապետին, մյուսները՝ շոտլանդացի ազգայնականների ներկայացուցչին: 
 
Թերեզա Մեյը փորձել է արդարանալ:
 
- Կառավարությունը ԵՄ-ի հետ գործարքի վերաբերյալ խորհրդարանականներից փաստեր չի թաքցնում: Մեր դիրքորոշումն այս շաբաթ հստակ հայտարարել է գլխավոր դատախազը… Ոչ մի տարբերություն չկա այսօրվա զեկույցի և ավելի վաղ հրապարակված նրա հատվածի միջև: Միջոցառումները, որոնք կկիրառվեն Իսլանդիայի հետ սահմանին, ժամանակավոր են,- շեշտել է վարչապետը: 
 
«Վեստին» գրում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարանում ունեցած հենարանը կորցրել է Brexit-ի քվեարկությունից մեկ շաբաթ առաջ: Համայնքների պալատի անդամները հավանություն են տվել խորհրդարանի հանդեպ կառավարության անհարգալից վերաբերմունքի հարցի քննությանը: Վերջին ժամանակներում սա առաջին դեպքն է, երբ ընդդիմությունը հանդես է եկել կառավարող կուսակցության և անձամբ վարչապետի դեմ: 
 
Brexit-ի գաղափարախոսներից մեկը՝ Միացյալ Թագավորության անկախության կուսակցության (UKIP) նախկին առաջնորդ Նայջլ Ֆարաջը, իր այդ կուսակցությունից հեռացել է՝ հայտարարելով, թե UKIP-ը վերջնականապես փոխվել է և հիմա դառնում է փողոցային գործունեության կուսակցություն, որի անդամներին հարկադրում են երթերի դուրս գալ, այլ ոչ թե մասնակցել քվեարկություններին: Նա նաև հավելել է, որ UKIP-ը դեռևս հնարավորություն ունի ընտրողին գրավել այժմյան իշխանության անհաջողությունների ֆոնին: 
 
Եվ ուրեմն դեկտեմբերի 11-ի քվեարկությունը ցույց կտա, թե  որքանո՞վ է կայուն Թերեզա Մեյի իշխանությունը: