Մադուրոն հույս ունի որոշակի աջակցություն ստանալ Ռուսաստանից

Կարակասից Մոսկվա թռչելու ճանապարհին «Թուիթերում» իր ուղևորության մասին գրառում է արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Նա հաղորդել է, որ Ռուսաստան է թռչում, որտեղ կարևոր հանդիպում կունենա նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
 
- Այս պահին մենք Ռուսաստանի Դաշնություն ենք թռչում, որպեսզի ամրապնդենք ու ընդլայնենք մեր դիվանագիտական հարաբերություններն ու բարեկամական կապերը երկու եղբայրական երկրների միջև,- գրել է Մադուրոն: 
 
Դեռևս նոյեմբերի սկզբին ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ստորչակը հայտարարել էր, որ Վենեսուելան Ռուսաստանից ֆինանսատնտեսական խորհրդատվություն է խնդրում, այն էլ՝ մշտական հիմունքներով, որը ենթադրում է իրենց երկրում հատուկ խորհրդական ունենալ: 
 
Իսկ Վենեսուելայի սոցիալ-տնտեսական վիճակն այժմ ուղղակի ճգնաժամային է: Այն ուղեկցվում է ազգային արժույթի արժեզրկմամբ և հսկայական գնաճով: Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ տարեվերջին գնաճը կարող է հասնել միլիոնավոր տոկոսների: Մինչդեռ գնաճի չափի մասին Վենեսուելայի ԿԲ-ի տվյալներն արդեն մի քանի տարի չեն հրապարակվում (հաղորդում է «ՌԻԱ-նովոստին»): 
 
Հոկտեմբերի 1-ին նախագահ Մադուրոն  հայտարարել էր ազգային ծածկարժույթի՝ պետրոյի թողարկման մասին, որը պետք է օգտագործվի որպես վճարման միջոց միջազգային առևտրի ասպարեզում: Պետրոյի նախնական վաճառքն սկսվել է դեռևս փետրվարի 20-ից, իսկ արժեքը հավասարեցված է երկրում արդյունահանվող նավթի մեկ բարելին և հասնում է մոտ 60 դոլարի: Կարակասը հույս ունի, որ կարճաժամկետ հեռանկարում պետրոն կնպաստի ճեղքել պատժամիջոցների փակ շրջանը, որը Վենեսուելայի դեմ նախաձեռնել է Վաշինգտոնը: 
 
Ըստ երևույթին՝ Մադուրոն ելնում է «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» ասացվածքի տրամաբանությունից և փորձում է ոչ պակաս պատժամիջոցների թիրախ Ռուսաստանի հետ իրավիճակ փոխել: Թե դա որքանով կհաջողվի՝ դժվար է ասել, սակայն ամեն դեպքում պատժամիջոցներից ամենաշատը տուժում են այդ երկրների հասարակ քաղաքացիները, որոնք ոչ մի մեղք չունեն ապաշնորհ կառավարողների ձախողումներում կամ աշխարհի տիրակալության ձգտող պետությունների հաշվարկներում: