ԱՄՆ քաղաքականությունը՝ իրականությունից վեր

Անցած շաբաթ օրը ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել էր, թե Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել ՝ խախտելով ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը: Նրա ասելով՝ խոսքը «միջին հեռահարության բալիստիկ հրթիռի մասին է, որը կարող է կրել մի քանի մարտագլխիկ»: Միայն թե նշված բանաձևի խախտման վերաբերյալ Իրանում հակառակ կարծիքը կա, որն էլ արտահայտել է Իրանի համապատասխան գերատեսչության ղեկավարը:
 
Ինչպես հաղորդել է ILNA գործակալությունը, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգների պահվածքը համարել է սյուրռեալիզմ: Ու ընդգծել է՝ ԱՄՆ-ը խախտում է ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը: Զարիֆի խոսքով՝ քիչ է, որ Վաշինգտոնը խախտում է ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը և անգամ սպառնում է պատժել նրանց, ովքեր չեն ցանկանում հետևել ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցներին, դեռ մի բան էլ ամերիկացիներն Իրանին են մեղադրում այդ համաձայնագրի խախտման համար: 
 
Խոսքը այն բանաձևի մասին է, որն ընդունվել է 2015թ. հուլիսի 20-ին՝ հավանություն տալով Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին (ՀՀԳԾ): Այդ բանաձևը սահմանափակում է Իրանի միջուկային գործունեությունը՝ այն դնելով բացառապես քաղաքացիական շրջանակների մեջ: Այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ ՀՀԳԾ-ից, սակայն ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամներ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Չինաստանը, ինչպես նաև մշտական անդամություն չունեցող Գերմանիան դեռևս փորձում են գործարքը շարունակել առանց ԱՄՆ-ի: 
Զարիֆի ասած սյուրռեալիզմը հայերենով հնչում է վերիրականություն:
 
Այսինքն ԱՄՆ-ը վարում է մի քաղաքականություն, որը վեր է իրականությունից, չի բխում աշխարհում տեղի ունեցող իրական գործընթացներից: Բայց քաղաքակրթության արդի մակարդակում դա այնքան վտանգավոր է, որ կարող է մեր ամբողջ մոլորակի անվտանգությունն արժենալ: Ըստ երևույթին, իր հրթիռային ծրագրերը շարունակելով՝ Իրանը մտադիր է իրականություն վերադարձնել Միացյալ Նահանգներին և ցույց տալ, որ սեփական պարտասխանատվությունից հրաժարվելը (այս դեպքում՝ ՀՀԳԾ-ից դուրս գալը) չի կարող դիմացինին (տվյալ պարագայում՝ Իրանին) հարկադրել, որ նա իր ստանձնած պարտավորությունները սրբությամբ կատարի: