Ֆրանսիան շարունակում է բողոքել
Ժողովրդավարությունը աշխարհում լայն քայլերով առաջ է գնում ու անվերջ թմբկահարվում: Բայց երևում է՝ դրա անվերապահ ջատագովները մի բան բաց են թողել, այլապես ամբողջ աշխարհում այսքան շատ չէին լինի ժողովրդավարության անվան տակ թափվող արյունը, մարդկանց կյանքն ու անդորրը խաթարող անկարգությունները:
Աշխարհում ժողովրդավարություն տարածող Ֆրանսիայի իշխանություններն էլ, ըստ էության, հենց դրանից շեղվելու մեղադրանքից են վախենում, որ իրենց երկրում կարգուկանոն հաստատել չեն համարձակվում: Բայց իհարկե, ոչ էլ բավարարում են մարդկանց պահանջը՝ չեղարկել առանց այն էլ տարվա ընթացքում շատ թանկացած վառելիքի գների բարձրացումը նոր տարվանից:
Վառելիքի թանկացման պատճառով Ֆրանսիայում սկսված բողոքը գնալով նոր թափ է հավաքում: Դրանից արդեն շատերն են տուժել, իսկ կիրակի օրը երեք հոգի զոհվել է: Բողոքավորների գործողություններն առավել բուռն են եղել Փարիզում: Վանդալները կոտրել են խանութների ցուցափեղկերը, այրել են տասնյակ մեքենաներ և գրոտել Հաղթական կամարի վրա: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներքին գործերի նախարարի հետ անձամբ է այցելել Ելիսեյան դաշտեր ու Հաղթական կամար և գնահատել վնասները:
Մակրոնը խոստացել է, որ նման ջարդերի բոլոր մասնակիցները կկանգնեն դատարանի առջև: Հարձակումների համար իշխանությունները մեղադրում են ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախ տրամադրված խուլիգաններին: Ձերբակալվել է 400 մարդ:
Նույն օրը հրավիրվել է երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտակարգ խորհրդակցություն, որին մասնակցել է նաև Մակրոնը: Լրատվամիջոցները հաղորդում են, որ այնտեղ քննարկել են Ֆրանսիայում արտակարգ դրություն մտցնելու հարցը, սակայն նման հայտարարություն չի արվել: