Սլովակիան ինքն է որոշում` ում համարի օրինական ներգաղթյալ, ում` անօրինական

Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարելը որոշակի լարվածություն է առաջացրել նաև սահմանակից երկրներում: Օրինակ, Սլովակիայի պաշտպանության նախարար Պետեր Գայդոշը նոյեմբերի 29-ին հաղորդել է, թե իրենք պատրաստ են Ուկրաինայի հետ սահման տեղափոխել հազարավոր զինվորականների:

Դրանից առաջ երկրի վարչապետ Պետեր Պելեգրինին ասել էր, թե ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ Կիևի որոշման առնչությամբ ինքը գնահատել է Բրատիսյավայի համար վտանգը և կարծում է, որ Նեզալեժնայայի տարածքից այժմ կարող փախստականների հոսանք հորդել դեպի Սլովակիա: Կառավարության ղեկավարը նշել է, որ իրավիճակն առայժմ հանդարտ է, սակայն վտանգները թերագնահատել չի կարելի:

Հնարավոր է` այս իրավիճակը որոշիչ է եղել Սլովակիայի խորհրդարանի նույն օրվա որոշման համար: Սլովակիայի խորհրդարանի  150 պատգամավորներից 90-ը  քվեարկել է Ներգաղթի մասին ՄԱԿ-ի համընդհանուր համաձայնության դեմ, իսկ այդ նիստն ուղիղ հեռարձակել են ցանցային հեսուստաալիքները:
 

- Ներգաղթի մասին ոչ մի փաստաթուղթ չի կարող սահմանափակել Սլովակիայի ինքնիշխան իրավունքը` որոշում ընդունել այն մասին, թե ում կարելի է համարել օրինական ներգաղթյալ, ո՞ւմ` անօրինական և նրանցից ո՞ւմ թույլատրել գտնվելու իր տարածքում,- ասվում է խորհրդարանի որոշման մեջ:

Եվրամիության անդամ Սլովակիան փորձում է փախստականների հարցում ինքնուրույն գիծ վարել, իսկ Բրյուսելը նման երկրների նկատմամբ ճնշման լծակներ է գործի դնում: Այնուամենայնիվ, սլովակները որոշել են իրենց դռները փակել կասկածելի ներգաղթյալների առջև և ինչպես տեսնում ենք` պատրաստ են իրենց սահմանն անառիկ դարձնել  անգամ զինվորականների ուժերով: