Ու՞մ և ինչո՞ւ է հարկավոր ազովյան «ծովային հակամարտությունը»

Արդեն չորս օր է՝ աշխարհը սևեռվել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բռնկված «ծովային հակամարտության» վրա: Նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ուկրաինայի երեք նավեր ներխուժել են Ռուսաստանի տարածքային ջրերը: Նրանց կանգնեցնելու համար ռուս սահմանապահները զենք են կիրառել: Ռուսներն իրենց վերահսկողության տակ են առել 24 ուկրիանցի նավաստու: Նրանցից 12-ին արդեն կալանավորել են: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի որոշ շրջաններում ռազմական դրություն է հայտարարել:
 
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ներկայացրել է ուկրաինացի նավաստիներից առգրավված ռազմավարային փաստաթղթեր, որոնց թվում կա Ուկրաինայի զինուժի նավերին ուղղված հրաման՝ ներթափանցելու ռուսական տարածքային ջրեր, ինչպես նաև փաստաթուղթ, որտեղ մանրամասնորեն նշված է նավերի երթուղին և անգամ սահմանը հատելու կետը: Հենց այդ կետով էլ երեք նավերը խախտել են երկու պետությունների սահմանը: 
 
Նոյեմբերի 28-ին միջադեպի առթիվ կոչեր են հնչեցրել միջազգային մի քանի կառույցներ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին և Ուկրաինային զսպվածության կոչ է արել: Հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում: Անտոնիու Գուտերեշն ընդգծել է, թե երկու կողմերն էլ պետք է առավելագույն զսպվածություն հանդես բերեն և ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի լարվածությունը մեղմնեն բոլոր հնարավոր խաղաղ միջոցներով: 
 
ԵԱՀԿ-ն կոչ է արել հակամարտությունը չծավալել: Այնտեղ ընդհանրապես ցանկություն է նկատվել Ուկրաինայի հարցը դարձնել կառույցի գերակայություններից մեկը: 
Համագործակցության մասին է խոսել Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ով հանդիպել է Ուկրաինայի խորհրդարանի խոսնակի հետ: «Քոչը քարավանին է խառնել» նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: Իր ցեղասպան պետությունը դեպի բռնատիրություն առաջնորդող ղեկավարն ասել է, թե իրենք ցանկանում են «Ուկրաինան և Ռուսաստանը տեսնել ոչ թե իրար դեմ, այլ իրար հետ»: Բայց չի կարելի չխոստովանել, որ սա ճիշտ և աշխարհի խաղաղությանը նպաստող խոսք է:  
 
Այս «ծովային հակամարտությունը» բազմաթիվ մեկնաբանությունների է արժանացել, որոնցից մեկն էլ հետևյան է: Իբր Պյոտր Պորոշենկոն այդ ամենը սադրել է, որպեսզի ռազմական դրություն մտցնելով՝ հետաձգի նախագահական ընտրությունները, որոնք նախատեսված են եկող տավա մարտին: «Ավանգարդն» էլ է նախկինում նշել, որ Յուլյա Տիմոշենկոն նախագահի հավանական թեկնածուների մեջ ամենաբարձր վարկանիշն ունի, իսկ Պորոշենկոյի վարկանիշն օրեցօր է ընկնում: 
 
Իսկ ահա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե տեղի ունեցածը մեծ կարևորություն չունի: Կարելի է եղածից հետևություն անել, որ Ուկրաինան նման սադրանքի է դիմել, որպեսզի վերջապես Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու առիթ լինի: Մանավանդ՝ նաև խոսում են, թե Ուկրաինայում արդեն ՆԱՏՕ-ի հետ են հույսեր կապում: Միայն թե Պուտինի նման արձագանքն առաջին հայացքից  թերևս բացառում է այդ «առիթը», բայց նաև այլ ենթատեքստ էլ կարող է ունենալ՝ Վրաստանի օրինակով: Այսինքն՝ ուկրաինացիներին վերջնականապես «հանգստացնելու» համար մի նոր եռօրյա պատերազմը առանձնակի դժվարություն չէ Ռուսաստանի համար: