Տոկիոն հիմա էլ Սեուլից է կղզիներ պահանջում

Բացառապես կղզիների վրա պետություն դարձած Ճապոնիան, ըստ էության, իր բոլոր մոտ ու հեռու հարևանների հետ տարածքային վեճեր ունի: Դրանք ժամանակ առ ժամանակ բռնկվում են և խաթարում մեր մոլորակի խաղաղօվկիանոսյան այդ հատվածի անդորրը: Այս օրերին միջպետական վեճ է բռնկվել Հարավային կորեայի ու Ճապոնիայի միջև: Սեուլից խորհրդարանական պատգամավորներ են այցելել փոքրիկ կղզիներից կազմված արշիպելագը, որին Ճապոնիան Տեքսիմա անունն է տալիս, իսկ կորեացիները կոչում են Տոկտո: Դրանից հետո է, որ Ճապոնիան բողոք է հայտնել:

Ճապոնական կողմը պնդում է, որ Հարավային Կորեան անօրինական կերպով զավթել է այդ տարածքները, որոնք Ճապոնական միապետության կազմում են ընդգրկվել 1905թ.: Այդ մասին նոյեմբերի 26-ին հաղորդել է Kyodo գործակալությունը: Նշվում է, որ բողոքը հարավկորեական կողմին է հղվել դիվանագիտական ճանապարհով:

Տակեսիմա արշիպելագը մանր կղզիների խումբ է` տեղադրված Ճապոնական ծովի արևմտյան մասում: Ի դեպ` կորեացիները Ճապոնական ծով անվանմանն էլ են դեմ, նրանք ջրային այդ տարածքն անվանում են Արևելյան ծով: Այս անծայրածիր ժայռոտ տարածքները վեճի առարկա են դարձել 1945թ. հետո, երբ Կորեան ազատագրվել է ճապոնական գաղութատիրությունից: Այժմ այդ կղզիները վերահսկում են Կորեական Հանրապետության զինված ուժերը և այնտեղ մի փոքրիկ կայազոր են պահում:

Տոկիոն պնդում է, թե Հարավային Կորեան 1945թ. անօրինական կերպով է զավթել այդ տարածքը, որը Ճապոնական միապետության կազմում ընդգրկվել է դեռևս 1905թ: Իսկ ահա կորեական երկու պետությունների ղեկավարություններն էլ հայտարարում են, թե այս արշիպելագը պատմականորեն միշտ էլ եղել է կորեական պետության կազմում: Իսկ եթե հաշվի առնենք, որ Ճապոնիան նախկինում գաղութատիրական պետություն է եղել և իր լծի տակ է պահել կորեացիներին, ուրեմն կարելի է համարել, որ այս կղզեխմբի կորուստը դրա հատուցումն է:

Այժմ ո՞վ կարող է որոշել, թե ում պետք է պատկանեն օվկիանոսներում բարձրացող անբնակ մանր հողակտորները, երբ աշխարհի հզորները ձևացնում են, թե մոլորակի ամենախիտ բնակեցված հատվածում հազարամյակներով էթնիկ բնակչությամբ աչքի ընկած երկրների իսկական տերերին չեն ճանաչում: Առայժմ հողը նրանն է, ով այն նվաճելու ու պահելու ուժ ունի: Մինչև որ գուցե մի օր մոլորակն ինքը զավթիչներին զրկի իր բնական պաշարներից և նրանց ցույց տա այն իրական տարածքը, որից նրանք կարող են կենսական նյութեր քաղել: