«Հակաքաղաքակրթական, հակաեվրոպական» Կոսովոն պայմաններ է թելադրում

Մեր մոլորակի քաղաքակրթության ակունք հսկայական տարածքների վրա սեփական թաշանչիական «մշակույթը» հաստատած Թուրքիայի հովանավորությունը ուրիշ ի՞նչ կարող էր տալ Եվրոպային, եթե ոչ «հակաքաղաքակրթական ու հակաեվրոպական» գործողություններ: Եվ ինչպե՞ս կարող էր այսօր մոլորակի վրա Թուրքիա լինել, իսկ Եվրոպայի կենտրոնում` Թուրքիային ենթարկվող Կոսովո, եթե Արևմուտքը նրանց չհովանավորեր:

Անցած շաբաթը «նշանավորվեց» նաև նրանով, որ Արևմուտքի ու Թուրքիայի հովանավորությամբ Սերբիայում անկախության ձգտող Կոսովոյի իշխանությունները հարյուրտոկոսանոց մաքսատուրքեր սահմանեցին Սերբիայից ու Բոսնիա և Հերցեգովինայից ներմուծվող բոլոր ապրանքների վրա: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կառավարության հետ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո այd քայlն այսպես է գնահատել:

- Սա Սերբիայի ապակայունացման ամենանշանակալի փորձն է մինչև օրս: Սա հակաքաղաքակրթական ու հակաեվրոպական գործողություն է, որը հակասում է Եվրոպայի բոլոր արժեքներին:

Սերբիայի առաջնորդը համոզված է, որ դա արվել է Արևմուտքի հովանավորությամբ: Բայց նաև հակադարձել է, թե Սերբիան այդ նենգասպառնալիքին չի ենթարկվի:

- Մենք պատրաստ կլինենք ձեզ հետ բանակցությունները շարունակել` հենց որ վերացնեք բոլոր մաքսատուրքերը,- ընդգծել է Վուչիչը:

Պրիշտինայի այդ քայլից հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն արտակարգ հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի դեսպանների հետ, ինչպես նաև հրավիրել է երկրի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Բոսնիա և Հերցեգովինայի վարչապետ Դենիս Զվիզդիչն էլ իր կողմից հայտարարել է, որ Կոսովոյի նման որոշումը սխալ է և խախտում է Ազատ առևտրի մասին Կենտրոնական Եվրոպայի երկրների համաձայնագիրը (CEFTA):