Հալեպը` քլորային արկերի թիրախ

Սիրիայում դարձյալ քիմիական զենք է կիրառվել: Նոյեմբերի 25-ին  Al Mayadeen հեռուստաալիքը տեղեկացրել է, որ քաղաքը գնդակոծվել է քլորային արկերով, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ վիրավորվել է: Իսկ Սիրիայի կառավարական Suria հեռուստաալիքը հաղորդել է, որ Հալեպի ոստիկանական վարչության պետ Իսսամ աշ-Շալին թունավորող նյութերով ռազմամթերքի կիրառման պատասխանատվությունը դրել է «Ջաբաթ ան-ն Նուսրա» խմբավորման ահաբեկիչների վրա:

Իր խոսքերը նա հիմնավորել է նրանով, որ գրոհայիններն արկերը արձակել են ավազակային խմբավորումների և սիրիական բանակի շփման գծին ավելի մոտ գտնվող թաղամասերի վրա:

Այն մասին, որ Սիրիայում քիմիական գրոհները կկրկնվեն, շատերն էին խոսում: Սիրիայի կառավարությունից մտահոգություն էին հայտնում, թե նման գորհներ սադրում են իրենց մեղադրելու նպատակով, Արևմուտքն էլ սպառնում էր, թե նոր քիմիական գրոհը Ասադի իշխանության վրա թանկ կնստի: Որքան էլ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը անհերքելի փաստեր չի գտել, որ Սիրիայի կառավարությունն է քիմիական զենքով թունավորում սեփական բնակչությանը, ամեն անգամ մեղքը դարձյալ բարդվում է պետության նախագահ Ասադի վրա:

Իսկ աշխարհի քաղաքակրթության հնագույն օջախներից մեկն ու դրա այսօրվա բնակիչները շարունակում են բառի բուն իմաստով իրենց մաշկի վրա փորձարկել արդի քաղաքակրթության «նվաճումները»: