Եվրախորհրդարանն անհրաժեշտ է համարում բարեփոխել ԱՀԿ-ն

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, ինչպես կարծում են Եվրախորհրդարանում, ճգնաժամ է ապրում և վերափոխումների կարիք ունի: Նման եզրակացության է եկել եվրոպական կառույցի միջազգային առևտրի գծով հանձնաժողովը:
 
- Առևտրի մասին երեքշաբթի ընդունված բանաձևում Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարել են, որ անհրաժեշտ է շտապ վերանայել ԱՀԿ կանոններն ու գործընթացները, որպեսզի դրանք արդիական ու արդյունավետ մնան,- ասված է Եվրախորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ: 
 
Նույն հաղորդագրությունը նաև զգուշացնում է, որ վտանգված են կազմակերպության հիմնական գործընթացները՝ բանակցությունները  և վեճերի կարգավորումը:
 
Պատգամավորները առաջարկում են մշակել նոր կանոններ, որոնք կծածկեն առևտրային խոշոր երկրների կողմից պետձեռնարկություններին լրահատկացումներ անելու գործում եղած բացթողումները: Հանձնաժողովի անդամները նաև առաջարկում են ընդլայնել ԱՀԿ-ի իրավազորությունները՝ այնտեղ ներառելով էլեկտրոնային առևտուր, թվային վաճառք, պետգնումներ: Եվրախորհրդարանի անդամները Եվրահանձնաժողովին առաջարկում են դիմել Եվրամիության խոշոր առևտրային գործընկերներին, որպեսզի ԱՀԿ-ի բարեփոխումների համար համատեղ դիրքորոշում մշակեն:
 
Իսկ Վաշինգտոնին Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում ԱՀԿ բողոքարկման մարմնում թույլատրել թափուր տեղերն արագորեն լրացնել, քանի որ այդ մարմնում աշխատանքների ընդհատումը կարող է խախտել ԱՀԿ-ի անդամների վեճերի լուծման ամբողջ գործընթացը:
 
Հայաստանը միաջազգային այս կառույցին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռևս 1992թ., սակայն դրա 145-րդ անդամն է դարձել միայն 2003թ. փետրվարի 5-ին:  
Հարց է առաջանում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը աշխարհում մոլեգնող առևտրային պատերազմի դեմ որևէ քայլ չի՞ ձեռնարկում: Չէ՞ որ նրա գործառույթը միջազգային առևտրի կարգավորումն է: Մինչդեռ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի մեջ կարծես թե այդ մասին խոսք չկա: