Սեփական բանակ ստեղծելու ԵՄ ցանկությունը ԱՄՆ-ում պացիֆիզմ են համարում

Երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, թե հարկավոր է համաեվրոպական բանակ ստեղծել, քանի որ անհրաժեշտ է ինքնուրույն պաշտպանվել Ռուսաստանից, Չինաստանից և անգամ Միացյալ Նահանգներից, այդ գաղափարի դեմ շատերը դուրս եկան, այդ թվում` Միացյալ Նահանգները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դա անվանեց վիրավորական և հայտարարեց, թե Եվրոպան պարտավոր է նախ և առաջ վճարել ՆԱՏՕ-ի իր մասնաբաժինը, որը նշանակալի չափով սուբսիդավորում է ԱՄՆ-ը:

Բնականաբար, դա դուր չեկավ նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին: Ենս Սթոլթենբերգն ասաց, թե Եվրոպայի պաշտպանությունը հնարավոր չէ պատկերացնել առանց ԱՄՆ-ի, իսկ եվրոպական միասնությունը երբեք չի կարող փոխարինել հյուսիսատլանտյանին:

Fox News-ի եթերում ինքնուրույն պաշտպանություն ապահովելու եվրոպացիների գաղափորն ուղղակի ծաղրել են հեռուստաալիքի հաղորդավարներ Սթիվ Հիլտոնը և Սթյուարտ Վարնին:

Եվրոպական բանակ ստեղծելու Մակրոնի ցանկությունը նրանք անվանել են ծիծաղելի ու հիշեցրել` Ֆրանսիայի նախագահին ու Եվրոպայի մյուս քաղաքական գործիչներին չի բավարարում «Ամենից առաջ Ամերիկան» (America first) թրամփյան  ուղեգիծը:

Հիլտոնն ու Վարնին Եվրոպան կոչել են պացիֆիստական և եզրակացրել, թե ԵՄ երկրները չեն կարող իրենց անվտանգությունն ապահովել առանց ամերիկյան օգնության:

- Սա համարյա ծիծաղելի է: Հնարավո՞ր է պատկերացնել, որ պացիֆիստական մայրցամաքը միավորի ուժերն ու ստեղծի կռվող բանակ, որը կպաշտպանի նրան: Անմտություն: Առանց ամերիկյան զինված ուժերի` նրանք ոչ մի կերպ չեն կարողանա: Վերջակետ,- հայտարարել է Վարնին:

Պացիֆիստական գաղափարները միանգամայն անընդունելի են այսօրվա Հայաստանում, որովհետև այստեղ ամեն գնով խաղաղություն քարոզելը նշանակում է հայոց վերջին անկախ հողակտորը հանձնել թալանչուն ու նվաճողին: Բայց ինչո՞ւ է խաղաղասիրության համար Եվրոպային քննադատում ամերիկյան հեռուստաալիքը: Սա մի պետություն է, որի տարածքում իսկական պատերազմ եղել է 150 տարի առաջ, բայց դրա դառը հետևանքները մինչև օրս էլ զգալի են:

Գուցե հենց դա էլ նկատի ունեն անընդմեջ պատերազմներ տեսնող եվրոպացիները, ովքեր ոչ միայն խոսում են եվրոպական ինքնուրույն բանակ ստեղծելու մասին, այլև արդեն այդ ուղղությամբ գործնական քայլեր են անում: Այդ քայլերի մասին նոյեմբերի 20-ին խոսել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

- Մենք որոշում ենք կայացրել` այստեղ` Բրյուսելում, ուժեղացնել ռազմական ծրագրերի կառույցները: Առաջիկա մի քանի տարում սա կարող է ի զորու լինել ոչ միայն պատասխանելու մեր բոլոր մարզական առաքելություններին, այլ նաև ղեկավարելու մեր որոշ մեծ գործողությունները: Շուրջ 2,5 հազար համազգեստով մարդ Բրյուսելի կենտրոնակայանից` սա նշանակալի քայլ է դեպի առաջ,- ԵՄ պաշտպանության նախարարների հետ հանդիպումից առաջ լրագրողներին ասել է Մոգերինին: