ՄԻՋՊԵՏԱՆԱԿԱՆ ՍԻԼԻ-ԲԻԼԻՆԵՐԻՑ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ

Արցախը՝ Իրանի տնտեսական հեռանկարների հիմք

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Զարիֆը Վրաստանում հայտարարել է, որ պետք է ստեղծել Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային միջանցք, որում Վրաստանից ու Իրանից բացի՝ պետք է մասնակցեն նաև   Հայաստանն ու Ադրբեջանը:
 
Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի հարցը Թեհրանը տարածաշրջանի քաղաքական օրակարգ է բերել միջուկային ծրագրի մասին  Արևմուտքի հետ բանակցելուց  ու պատժամիջոցների չեղարկումից հետո: Այդուհետ Իրանը քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի հետ երկաթուղային կապի, ինչպես նաև Թեհրան-Բաքու-Մոսկվա  ձևաչափի կյանքի կոչման համար:
Սրանից զատ՝ Թեհրանը  փորձում է ձևավորել այդ ուղղության այլընտրանքը: Խոսքը Իրան-Հայաստան-Վրաստան ուղղության մասին է: 
 
Իրանի այս ակտիվությունը պատահական չէ և  հեռահար  շահեր ունի: Արցախյան հարցում տեղաշարժ չկա՝ Ադրբեջանի ապակառուցողական պահվածքի պատճառով: Գրեթե ամեն օր ուժային կենտրոնները խոսում են խնդիրը բացառապես խաղաղ եղանակով  լուծելու մասին, բայց այդ խոսքերին գերտերությունների կողմից առայժմ հստակ քայլեր չեն հաջորդում: Մինչդեռ հարևան Իրանը, որը նոր-նոր սկսել է շնչել՝  անցյալում թողնել պատժամիջոցները, ամեն գնով պայքարում է տարածաշրջանում խաղաղության համար: 
 
Սյունիքում՝ Իրանի սահմանագծին, կստեղծվի ազատ տնտեսական գոտի: Չլինելով Մինսկի խմբի անդամ՝ պաշտոնական Թեհրանը փորձում է տնտեսական ծրագրերով կապել ուժի միջոցով Արցախի հարցը լուծել ցանկացողների ոտքերը՝ միաժամանակ հակամարտող երկրներին գոնե տնտեսական դաշտում կլոր սեղանի շուրջ նստեցնելով: Եթե Թեհրանին սա հաջողվի, ապա միառժամանակ պատերազմից ու լարված իրավիճակից կարելի է հեռու մնալ:
 
Իրանը հետաքրքրված է նաև ԵՏՄ-ով, չնայած  վերջերս Բիշքեկում տեղի ունեցած ԵՏՄ Վեհաժողովի շրջանակում այդ կազմակերպության տնտեսական հանձնաժողովի փոխնախագահը հայտարարեց, որ ԵՏՄ անդամներին չեն գոհացնում այդ գոտու վերաբերյալ Իրանի առաջարկները:
 
Կոնկրետ ինչի մասին է խոսքը՝ դեռ պարզ չէ: 
 
Ի տարբերություն ԵՏՄ-ի և նրա շարժիչ ուժ Ռուսաստանի, որը դեռ շարունակում է անցյալ դարի 20-ական թթ. բոլշևիկյան իր քաղաքականությունը՝ ցավոք, Հայաստանին հատկացնելով 5-րդ անվի դերը, Իրանն այլ պահվածք  է դրսևորում: Թեհրանին անհանգստացնում են ռուս-թուրքական  սիլի-բիլիները, որոնց ցավոտ հետևանքներն իր վրա զգացել է Հայաստանը: Եվ Իրանն ամեն կերպ իր ծրագրերում փորձում է ներգրավել Հայաստանը, հաշվի առնել նրա ներուժը՝ հիմնվելով  երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների վրա:  Մեզ մնում է այս ազդակներին արձագանքել արագ ու օպերատիվ՝ ճկուն դիվանագիտություն վարելով: Ի վերջո, նման հնարավորություն միշտ չէ, որ կարող է ընձեռվել: