XXI դարում դժվար է պատերազմներն ավարտել ռազմական եղանակներով

Տասնամյակներով    պատերազմական վիճակում գտնվող Աֆղանստանում, թվում է, բնականոն կյանքը երբեք չի վերականգվի: Իրականությունն այդքան մռայլ չի տեսնում երկրի նախագահ Աշրաֆ Ղանին: Վաշիգտոնի Ջոնս Հոպկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, թե «Թալիբան» շարժումն այժմ շահողի դիրքում չէ, և նրանց հետ խաղաղ համաձայնության հնարավորություն կա:
 
- Հարցն այն չէ՝ դա կլինի՞, թե՞ ոչ (նկատի ունի թալիբների հետ խաղաղություն կնքելը): Ըստ իս՝ հարցն այն է, թե դա երբ տեղի կունենա: XXI դարում արդեն դժվար է պատերազմներն ավարտել ռազմական եղանակներով: Աֆղանստանի և «Թալիբանի» դիմակայությունը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով,- ասել է նա՝ տեղեկացնելով. 
 
- ԱՄՆ-ի և Աֆղանստանի կառավարությունների միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ կան:
 
Աֆղանստանի նախագահը դիմել է Պակիստնին՝ կոչ անելով խաղաղ հարաբերություններ կառուցել: 
 
- Մենք Պակիստանին առաջարկում ենք խաղաղություն, որպեսզի վերջ դնենք այս չհայտարարված թշնամանքին: Եթե դա տեղի չունենա, փախադարձ անվստահություն,  սոցիալական և մշակութային թշնամանք կսկսվի մեր ժողովուրդների միջև,- ասել է նա: 
 
Աֆղանաստանի նախագահի ասածները որոշ չափով կարող է հաստատել այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած՝ Աֆղանստանի հարցով մոսկավյան համաժողովի երկրորդ նիստին մասնակցել է նաև «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի պատվիրակությունը: Սա կարևոր է այնքանով, որ նրանք առաջին անգամ են նման մակարդակի հանդիպման մասնակցել: Այդ նիստին ներկա են եղել փոխարտգործնախարարներ, հատուկ ներկայացուցիչներ և դիտորդներ Ռուսաստանից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Իրանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Պակիստանից, ԱՄՆ-ից, Տաջիկստանից, Ուզբեկստանից: Հաղորդվել է, որ թալիբները երկխոսության պատրաստ կլինեն միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ի հետ համաձայնեցվի օտարերկրյա զորքերն Աֆղանստանից դուրս բերելու ժամանակացույցը: 
 
Խաղաղության կարոտ Աֆղանստանի նախագահը ճիշտ մտքի է հանգել՝ մեր դարում պատերազմները ռազմական ճանապարհով չեն ավարտվում: Դրանք միայն ձգձգվում են և մահերն, ավերածությունն ու մարդկանց սրտերում մոլեգնող թշնամանքն են ավելացնում: Աշրաֆ Ղանին դա հասկացել է իր հայրենիքի ծանր կորուստների գնով: Լավ կլիներ՝ իրենց երկրների զինանոցները մահաբեր ու ավերիչ զենքերով լցնող երկրների իշխանությունները նույն մտքին հանգեին նախքան անփոխարինելի կորուստներ կրելն ու պատճառելը: Ու առաջին հերթին՝ Ղանիի արտահայտած միտքը որևէ ձևով թափանցեր Պակիստանի նման զուտ քաղաքական կեղտոտ նպատակներով ստեղծված Ադրբեջանի իշխանավորների ռազմատենչ ու հայատյաց ուղեղները: