ԲՌՆՎԵՑԻ˜Ն

Իրանում ձերբակալվել են տղամարդու հագուստով ծպտված ֆուտբոլի երկրպագուհիները

Երևի մոլի երկրպագուներ են եղել այդ 8 կանայք, ովքեր որոշել են ֆուտբոլի առաջնությունը դիտել հենց մարզադաշտում՝ հաշվի չառնելով, որ շրջապատում սրատես աչքեր էլ կարող են լինել: 
 
Միջադեպը տեղի է ունեցել փետրվար ամսին, երբ Թեհրանի «Ազադի»  մարզադաշտում տեղի ունեցող իրանական պրո-լիգայում մրցակցում էին «Էստեգլյալը» և «Պերսեպոլիսը»: Ձերբակալության փաստը, սակայն, ի հայտ է եկել հիմա, երբ նրանց պատիժ է սպառնում (հաղորդել է Daily Mail-ը): 
 
Ինչպես տեղեկացրել է Թեհրանի քաղաքապետարանի անվտանգության վարչության ղեկավարը՝ չնայած իսլամական օրենքները կանանց արգելում են ներկա գտնվել տղամարդկանց մասնակցությամբ մարզական մրցումներին, սակայն երկրպագուհիները պարբերաբար փորձում են տրիբունաներ թափանցել: Երկրի հոգևոր առաջնորդներն էլ հայտարարում են, որ մարզադաշտեր իգական սեռի ներկայացուցիչների  մուտքն արգելելը հենց կանանց պատվի պաշտպանության նպատակն ունի: Դե, իսկ մրցումները կարելի է դիտել հեռուստստեսությամբ:
 
Ի ԴԵՊ. Իրանում կանայք կարող են պատժվել նաև՝ եթե համացանցում իրենց լուսանկարը տեղադրեն առանց գլխաշորի: