Ինչե՞ր են խոստանում միմյանց հարկադրել ԱՄՆ-ն ու Իրանը

Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների երկրորդ փուլը երեկվանից մեկնարկել է: Այս անգամ դրանք վերաբերում են նավթի արտահանմանը: Հիշեցնենք, որ մայիսին Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալով՝ Միացյալ Նահանգների պաշտոնյաները  հայտարարեցին, թե մտադիր են Իրանից նավթի արտահանումը հասցնել 0-ի, և դրա գնորդներին կոչ արեցին հրաժարվել նման գնումներից:  ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Fox News-ի եթերում ասել է, թե Եվրոպական ընկերությունները պետք է ընտրություն անեն՝ համագործակցել Իրանի՞, թե՞ Միացյալ Նահանգների հետ: Ու նաև սպառնացել է, որ ԱՄՆ-ն Իրանին կհարկադրի փոխել իր պահվածքը միջազգային ասպարեզում:
 
Նույն ոգով Press TV-ի եթերում խոսել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ հայտարարելով, թե Իրանը կհաղթահարի ամերիկյան պատժամիջողները և ԱՄՆ-ին կհարկադրի զղջալ: 
 
- Մենք միասնականությամբ և համատեղ ջանքերով… կհաղթահարենք պատժամիջոցները և ԱՄՆ-ին կհարկադրենք զղջալ: Մենք արտասահմանյան ներդրումներ ենք գրավելու դեպի մեր երկիր: … Մենք նորացնելու ենք տնտեսական ծաղկման ուղին,- հայտարարել է Ռուուհանին: 
 
Ի դեպ, ԱՄՆ-ի այս քայլն արդեն ողջունել է Իրանի երդվյալ թշնամի Իսրայելը: Իսկ ձմեռվա շեմին հյուսիսային կիսագնդում իրանական վառելիքը գնելու հնարավորությունից զրկված տերությունները երևի իրոք ծանր ընտրության առջև են կանգնած: Որ Ամերիկան չի վարանի պատժամիջոցների նոր հարված հասցնել՝ ոչ մի կասկած: Բայց կարելի է նաև հիշել, որ ցանկացած հարված կարող է վահանի դիպչել և ուղղվել դեպի հարվածողը: 
 
Իսկ նման վահան կարող է դառնալ այդ պատժամիջոցների դեմ միասնական պայքար մղելը: Դա կարող է ԱՄՆ-ի սանձազերծած առևտրային պատերազմում մի հզոր միասնական ճակատ դառնալ և գուցե կարողանա կանխել զորքերի ճակատամարտը, դեպի ուր, ամեն ինչից դատելով, ուղղություն է վերցրել ԱՄՆ-ի, Իսրայելի և մի քանի ուրիշ պետությունների հակաիրանական քաղաքականությունը: