Գերմանիայի ԱԳ նախարարը Եվրոպայում խաղաղություն պահպանման ծրագիր է մշակել

Մինչ աստղագուշակները խոսում են Երրորդ աշխարհամարտի մոտալուտ հնարավորության մասին, նախորդ երկուսի սանձազերծող Գորմանիայում ծրագրեր են մշակում, թե ինչպես խաղաղություն պահպանեն Եվրոպայում:

Այդ ծրագրերի մասին Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում խոսել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը: Նա անհրաժեշտ է համարել վերափոխել զենքի վերահսկողության կարգը և նշել է 4 կետ, որոնք կօգնեն պահպանել Եվրոպայի խաղաղությունը: Քաղաքական գործիչը հայտարարել է,  որ Եվրամիությունը կողմնակից է Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրին և քննադատել է ԱՄՆ-ին, որը որոշել է դրանից դուրս գալ:

-Եթե մենք ցանկանում ենք Եվրոպայում խաղաղություն պահպանել, պետք է վերանայենք սպառազինության և զինաթափման նկատմամբ վերահսկողության քաղաքականությունը: Միայն այդ կերպ է հնարավոր դադարեցնել սպառազինության համընդհանուր մրցավազքը,- ասել է Մաասը:

Խոսելով այն 4 կետերի մասին, որոնք պետք է դառնան միջազգային անվտանգության հիմքը` գերմանացի նախարարը նախ և առաջ նշել է ԵՄ-ի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև տվյալների փոխանակության անհրաժեշտությունը: Մաասը նաև կարևոր է համարել հրթիռների ստեղծման մասին տեղեկությունների մշտադիտարկումը, փոխադարձ անվստահության նկատմամբ ընդհանուր շահերի գերակշռությունը, ինչպես նաև Չինաստանի վրա ճնշում գործադրելը, որպեսզի իր սպառազինության վերաբերյալ տվյալներ հաղորդի: Մաասը նաև շատ կարևոր է համարել զենքի արտադրության մեջ նոր աշխատակարգերի հաշվառման անհրաժեշտությունը:

Ընդամենը նախորդ շաբաթ` հոկտեմբերի 21-ին, ԱՄՆ-ը հայտարարեց Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից դուրս գալու մասին, որը կնքվել էր 1987թ.: Միացյալ Նահանգներում, ըստ այդ հայտարարության, սկսում են նոր զինատեսակի մշակման աշխատանքները: ԱՄՆ-ի այդ քայլը շատերին մտահոգեց: Մոսկվան ամերիկյան կողմի գործողությունն անվանեց վտանգավոր, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ Ռուսաստանն ստիպված կլինի հայելային պատասխան տալ:

Մոլորակը լի է պատերազմների, քաղաքական անկայուն իրավիճակների, թյուր գաղափարների հետևից գնացողների պատճառով անտուն, անապահով, անհայրենիք ու անապրուստ մնացած մարդկանցով, իսկ աշխարհի հզորները միլիարդներ են ծախսում նոր պատերազմների համար զենքեր արտադրելով, որոնք հենց մոլորակի անվտանգության դեմ են ուղղվում:

Թերևս Մասսի հարցադրումը շատ ճիշտ է` ոչ թե պաշտպանել այս կամ այն պետությունը, տարածաշրջանը, այլ պահպանել խաղաղությունը: Որովհետև պաշտպանվելու անվան տակ մարդիկ զենք են կուտակում, իսկ խաղաղությունը պահպանելու համար ավելի լավ է զենքից հրաժարվել և այդ գումարնեն ուղղել վերը նշված ու նաև այլ կարգի անապահովներին: