Նոր Կալեդոնիան Ֆրանսիայից անկախանալ չի ուզում

Երբ 2-3 դար առաջ եվրոպական խոշոր պետություններն իրենց ռազմանավերով ակոսում էին օվկիանոսների ջրերը և զարգացման բավական ցածր մակարդակում գտնվող ցեղեր ստրկացնում ու պետություններ յուրացնում, տեղաբնակները գուցե երազում էին այն օրվա մասին, երբ գաղութատիրությունից կազատվեն և ինքնիշխանություն ձեռք կբերեն: Գուցե հենց այդ հեռավոր օրերից եկած երազանքն էլ Ֆրանսիայի գաղութատիրական նկրտումների շրջանակում հայտնված Նոր Կալեդոնիայի բնակիչներին դրդել է անցած կիրակի անկախության հանրաքվե անցկացնել: Միայն թե հանրաքվեն «անկախականների» հույսերը չի արդարացրել` հպարտության առիթ տալով Ֆրանսիայի նախագահին:

Նույեմբերի 4-ին Նոր Կալեդոնիայում տեղի է ունեցել Ֆրանսիայից այդ տարածքի անկախության վերաբերյալ հանրաքվե:

Քվեարկության մասնակիցներ պետք է պատասխանեին հետևյալ հարցին. «Դուք ցանկանո՞ւմ եք, որ Նոր Կալեդոնիան լիիրավ ինքնիշխանության հնարավորություն ստանա և դառնա անկախ»: Քվեարկությանը մասնակցողների 56,8%-ը հարցին բացասական պատասխան է տվել: Իսկ մասնակցությունը կազմել է համարյա 80%.
Ի դեպ, հանրաքվեի անցկացումը նախատեսված էր խաղաղօվկիանոսյան այս կղզեխմբի ապագաղութացման մասին 1998թ. ստորագրված համաձայնագրով: Այդ նույն տարում Նոր Կալեդոնիայում ինքավարության հանարքվե է անցկացվել, սակայն այն ժամանակ ևս նրա բնակիչները հանդես են եկել անկախության դեմ:

Հանրաքվեի արդյունքերի հրապարակումից հետո իր ուրախությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը.

-Ես ցանկանում եմ հայտարարել, որ հպարտ եմ, որ մենք պատմության այս փուլը միասին անցանք: Որպես պետության ղեկավար, ես ցանկանում եմ հայտարարել` հպարտեմ, որ Նոր Կալեդոնիայի մեծամասնությունը Ֆրանսիան է ընտրել:

Նա նաև ասել է, թե պետությունը աշխատում է, որ Նոր Կալեդոնիայի բոլոր բնակիչների համար երաշխավորի  արժանավոր կյանք` հիմնված ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքների վրա: Իսկ դրանք, նրա խոսքով, հիմնական սկզբունքներ են ոչ միայն Ֆրանսիայում, այլև Օվկիանիայում:

Այնուհետև Մակրոնը նշել է, որ քաղաքական տեսանկյունից չկա այլ ուղի, բացի երկխոսությունից և հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է Նոր Կալեդոնիայի քաղաքական ուժերին առաջարկել հավաքվել առաջիկա շաբաթներին:
Այս հանրաքվեն թերևս Մակրոնի իշխանությանը ազատեց Իսպանիային այժմ հատուկ համարժեք խնդրից` ամեն կերպ իր ազդեցության ներքո պահել քվեարկությամբ անջատված տարածքը:

Բայց, թերևս, Նոր Կալեդոնիայի բնակիչներին նույնպես քիչ խնդիրներից չի ազատում: Չէ՞ որ այնտեղ երևի ֆրանսիական օրենքներն ու վարձատրության սկզբունքներն են գործում, իսկ այսօր ամբողջ Աֆրիկան ու Մերձավոր Արևելքը փախստականների ու ներգաղթյալերի տեսքով լցվում են Եվրոպա, որպեսզի քաղաքացիություն ձեռք բերեն ու ապահով ապրեն: Արդյունքում, թերևս, կարող են տուժել Օվկիանիայի այս բնակիչների լեզուն, սովորույթներն ու մշակույթը, որոնք պահպանելու համար էլ երևի այդ հանրաքվեն ձեռնարկվել էր: