Պիցբուրգում ուրախ չեն Թրամփին տեսնել

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Պիցբուրգ քաղաքում շաբաթ օրը տեղի ունեցած արյունալի միջադեպը նախագահ Թրամփի դեմ ուղղված մեղադրանքների առիթ է տվել: Երբ քաղաքի սինագոգում առավոտյան արարողության համար մարդիկ են հավաքված եղել,   հրեատյաց կարգախոսներով այնտեղ է ներխուժել մի զինված մարդ և սկսել է կրակել: Իսկ երբ ոստիկանությունն է տեղ հասել, փոխհրաձգություն է սկսվել, 11 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել: 6-ից 4-ը ոստիկաններ են:
 
Սինագոգի վրա այս հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտադիր է այցելել Պիցբուրգ: Միայն թե այնտեղ «ուրախ չեն նրան տեսնել»:
Ամերիկյան հրեաների Bend The Arc Պիցբուրգի մասնաճյուղն իր պաշտոնական կայքում տեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված բաց նամակ, որով նրա այցին դեմ է արտահայտվում, որովհետև կարծում է, որ սինագոգում տեղի ունեցած հրաձգության համար հրահրիչ դեր է կատարել հենց նախագահի «ազգայնամոլական» քաղաքականությունը: 
 
- Վերջին երեք տարում ձեր խոսքերն ու ձեր քաղաքականությունը ոգեշնչել են աճող սպիտակ ազգայնամոլների շարժումը: Դուք ինքներդ եք մարդասպանին չարիք անվանում, սակայն երեկվա բռնությունը ձեր ներգործության անխուսափելի բարձրակետն է,- նշված է բաց նամակում: 
 
Հրեական կազմակերպությունն ուղղակի գրել է, թե Պիցբուրգում Թրամփին տեսնել չեն ուզում:  
 
- Նախագա՛հ Թրամփ, Պիցբուգում ուրախ չեն ձեզ տեսնել, քանի դեռ դուք չեք դատապարտել սպիտակ ազգայնամոլությունը: Պիցբուրգում ուրախ չեն ձեզ տեսնել, քանի դուք չեք դադարել գրոհել և վտանգի ենթարկել բոլոր փոքրամասնություններին,- ազդարարում է կազմակերպության պաշտոնական կայքը:  
 
Սա կարծես թե օրերս Թրամփի արած հայտարարության պատասխան «առաջին ծիծեռնակն» է: Հիշեցնենք, որ ընտրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահն ասել էր, թե ինքը «նացիոնալիստ» (ազգայնական) է, և այդ բառն իրեն դուր է գալիս: 
 
Աշխարհում այսօր օրեցօր թափ առնող բռնությունն ու ահաբեկչությունը, բնականաբար, դատարկ տեղում չեն առաջացել, դրանք բոլորն էլ նախապատմություն ունեն: Ցանկացած ազգայնամոլություն, որի հիմքում իր տեսակը բարձրացնելն ու ուրիշներին մերժելն է, վերջիվերջո հակազդեցություն է առաջացնում: Նույն հրեաներն էլ սիոնիզմի այլատյաց գաղափարներով են սնվում: Այնպես որ, մոլորակը նման միջադեպերից զերծ պահելու համար պետք է բոլորը միշտ հիշեն, որ ընտրովի արդարություն չի լինում: