«ԵՍ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՄ»

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ միջազգային անտարբերության մասին

Ապրիլը ընտրական է նաև Ֆրանսիայի համար: Այնտեղ նախագահ են ընտրելու: 
Նախագահի թեկնածուներից մեկը՝ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Ֆրանսուա  Ֆիյոնը, նախընտրական այս օրերին հարցազրույց է տվել «Nouvelles d’Armenie» հանդեսին, որտեղ մտահգություն է հայտնել արցախյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ուշագրավ է, որ Ֆիյոնը խոսել է միջազգային անտարբերության և դրանից թև առնելու՝ Ադրբեջանի պահվածքի մասին: 
 
- 2016թ. ապրիլին… միջազգային համայնքի անտարբերության պայմաններում Ադրբեջանը փորձեց ուժի միջոցով խլել Լեռնային Ղարաբաղը։ Մահաբեր հարձակումը ավարտվեց անկայուն հրադադարով,-նշել է նա: 
 
Ֆրանսուա Ֆիյոնը խոսել է նաև Ֆրանսիայի հայազգի քաղաքացիների մասին, ովքեր անհանգստացած են այնտեղ տիրող իրավիճակով: 
 
-Ես նույնպես անհանգստացած եմ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանը պայթյունավտանգ է: Չպետք է մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղում այդպիսի իրավիճակ ստեղծվել է Ստալինի պատճառով: Նա 1921թ. այդ տարածքը Հայաստանից կամայականորեն անջատել է հօգուտ Ադրբեջանի: Ներկայումս այլ տարբերակ չկա, քան խաղաղ և տևական լուծում գտնելը: 
 
Այսօր քանի՞ եվրոպացի քաղաքական գործչից է հնարավոր այսպիսի բան լսել: Մարդը ոչ միայն մեջտեղ է բերում Ստալինին ու նրա գործած կամայականությունները, այլև հստակ ասում է՝ անցած տարվա ապրիլին  Ադրբեջանն է նախահարձակ եղել: Միայն թե դեռ հարց է՝ եթե այն օրերին ինքը նախագահ լիներ, այդպիսի հասցեական մեղադրանք, ասել է թե՝ այս պարզ ճշմարտությունը կհնչեցնե՞ր: 
 
Երևի թե ամենուր է այդպես՝ քանի դու ընդամենը թեկնածու ես, նախ ավելի ազատ ես, ապա և ընտրազանգված նվաճելու խնդիր ունես: Այսպես թե այնպես՝ Ֆիյոնը շատ բաներից է տեղյակ և որոշների մասին արդեն բարձրաձայնել է:  
 
Ֆրանսուա Ֆիյոնը առաջիկա կիրակի կայանալիք ընտրությունների թեկնածուների մեջ համարվում է ամենաառաջատարը: Բարձր վարկանիշ ունեն նաև «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը, Կոմունիստական կուսակցության ու մի շարք այլ ձախ ուժերի աջակցությունը վայելող Ժան-Լյուկ Մելանշոնը:
 
Թե ապրիլի 23-ին նրանցից որ մեկին առավելություն կտա ֆրանսիացի ընտրողը, շուտով կիմանանք: Ու որքան էլ մեր օրերում աշխարհի գործերը կարգավորելու համար եվրոպական առանձին երկրի ձայնը կարծես այնքան էլ որոշիչ չէ, ամեն դեպքում ցանկալի է, որ Ֆրանսիայի նման երկիրը լավատեղյակ և արդարության համար մտահոգ մարդ ղեկավարի: