Մերկելի գլխավորած դաշինքի վարկանիշը շարունակում է նվազել

Անցնող ամիսը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համար այնքան էլ հաջողված չէր` նրա գլխավորած դաշինքի վարկանիշն անշեղորեն անկում է ապրել: Դա են ցույց տալիս հասարակական կարծիքի հարցման արդյունքները:

Եթե հոկտեմբերի սկզբին Քրիստոնեա-ժողովրդավարական և Քրիստոնեա-սոցիալական կուսակցությունների դաշինքի նկատմամբ համակրանք է հայտնել հարցվածների 27%-ը, մոտ մեկ շաբաթ առաջ այդ թիվը հասել է 25%-ի, իսկ վերջին հարցումը երևան է հանել բավական անմխիթարական պատկեր:

Bild am Sonntag թերթի պատվերով Emnid ծառայությունը հարցում է անցկացրել 1900 մարդու շրջանում: Պարզվել է` նրանց միայն 24%-ն է Մերկելի գլխավորած դաշինքին կողմնակից, իսկ դա համարվում է «ռեկորդային ցածր ցուցանիշ»:

Գերմանական վարկանիշում վերելք են գրանցում «Կանաչները»: Նրանք Մերկելի դաշինքին շատ չեն զիջում` նրանց նկատմամբ համակրանքի մասին հայտարարել է հարցվածների 20%-ը: Վարկանիշի երրորդ հորիզոնականը գրավում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը` հարցվածների 16 %-ի հավանությամբ:

Մերկելի վարկանիշի նվազման պատճառ են համարվում հոկտեմբերի կեսերին Բավարիայում տեղի ունեցած ընտրությունները, որի հետևանքով կառավարող դաշինքը կորցրել է այդ տարածաշրջանում ունեցած խորհրդարանական մեծամասնությունը:

Անցած տարի, երբ Բունդեսթագի ընտրությունների ժամանակ Մերկելի գլխավորած դաշինքը հավաքեց ընտրողների 32,9%-ի ձայները, Գերմանիայում համարյա թե կառավարական ճգնաժամ սկսվեց: Կանցլեր Անգելա Մերկելին մեծ դժվարությամբ հաջողվեց խորհրդարանական կուսակցությունների հետ համաձայնության գալ և իր կառավարությունը կազմել:

Երևում է` վրա է հասնում «մերկելյան դարաշրջանի» ավարտը: Բայց Գերմանիան մի երկիր է, որի քաղաքական ու հասարակական իրավիճակը աշխարհի դրության վրա մեծ ներգործություն է ունենում: Չմոռանանք, որ երկու համաշխարհային պատերազմներն էլ այս երկիրը սանձազերծեց: Ճիշտ է, մեր օրերի պատերազմական հռետորաբանությունը Միացյալ Նահանգներին է բնորոշ, սակայն Գերմանիայում տիրող իրավիճակը և այնտեղ իշխող ուժը նույնպես մեծ նշանակություն ունի ոչ միայն այդ երկրի համար: