Կատալոնիայի Հանրապետության խորհուրդը կգործի Բելգիայում

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, ինչպես երևում է, լի է Իսպանիայի այդ ինքնավար մարզի անկախությունն իրականության վերածելու վճռականությամբ և ձեռքերը ծալած չի նստել: Չնայած անցած տարվա հոկտեմբերի 1-ի՝ 90,18%-ով դրական արդյունքով ավարտված անկախության հանրաքվեի պատճառով նա հայրենիքից տարագրվել է, սակայն երեկ խոսել է Կատալոնիայի Հանրապետության խորհրդի աշխատանքների մասին:
 
Հիշեցնենք, որ Իսպանիայի կենտրոնական իշխանություններն այդ հանրաքվեի արդյունքները չեն ճանաչել, իսկ դրանց կազմակերպիչ Կառլես Պուչդեմոնը ստիպված է եղել ապաստան որոնել Իսպանիայի սահմաններից դուրս:
 
- Խորհուրդն աշխատանքը կսկսի հոկտեմբերի 30-ին: Մենք կներկայացնենք մեր ծրագիրը: Մենք պայքարելու ենք տարբեր ուղղություններով, որոնցից մեկը մեր գործընթացի միջազգային ճանաչումն է,- Ժնևում «ՌԻԱ-նովոստիի» թղթակցին ասել է Պուչդեմոնը: 
 
Պուչդեմոնը հայտարարել է, որ Հանրապետության խորհուրդը հաստատվելու է Բելգիայում (որտեղ այժմ բնակություն է հաստատել ինքը), իսկ Խորհրդի շնորհանդեսը կայանալու է Բարսելոնում, հոկտեմբերի 30-ին: Բրյուսելում Խորհրդի գլխավոր ժողովը նախատեսված է դեկտեմբերի 8-ին: 
 
Արդի աշխարհում միջազգային ճանաչման վրա հույս դնելը թերևս միամտություն է: Եթե միջազգային խաղացողներին ձեռնտու լիներ՝ հիմա վաղուց էին հայտարարել, թե Կատալոնիայի անկախությունը ճանաչում են: Նման անօրինակ միակամություն մինչև այժմ կիրառելի է եղել միայն Կոսովոյի դեպքում, երբ Եվրոպայի կենտրոնում պատմության «քամիների» միջոցով հայտնված մահմեդականներն իրենց համար անկախություն կորզեցին բազում դարեր կերտված սերբական հայրենիքից:
 
Աշխարհը ոչ մի ցանկություն չունի նաև ընդունելու, որ Հայաստանից անջատ Արցախը ընդամենը թուրքական ցեղասպանության շարունակությունն է, և ջուր լցնելով Ադրբեջանի ջրաղացին՝ իրենք հենց դրան են նպաստում:
 
Թե որքանով է արդարացված Իսպանիայից անկախանալու կատալոնացիների ձգտումները, ամենալավն իրենք կիմանան: Բայց եթե արդեն որոշել են «պայքարել տարբեր ուղղություններով», հավանաբար աչքաթող չեն անի ուրիշների օրինակը և աշխարհի ընթացքը: Նկատենք՝ Եվրոպայի կենտրոնում անկախություն են նվիրաբերում ոչ բնիկ իսլամ դավանողներին, իսկ հայոց հնագույն բնօրրանում ընդունելի են համարում նրա մի հատվածի բռնակցումը ընդամենը 100 տարի առաջ «թխված» մուսուլմանական Ադրբեջանին: