Անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդատուն՝ Բաքվում

Ժամանակին ֆաշիզմի հաղթարշավը հնարավոր դարձավ, որովհետև աշխարհն անտեսեց վերսալյան պայմանագիրը և Հիտլերին հնարավորություն տվեց մինչև ատամները զինվել: Երևում է՝ մարդկության ոչ միայն հիշողությունն է կարճ, այլև տրամաբանությունը: Թե ինչպես կպատասխանի Իրանն իր հարևան ու հավատակից Ադրբեջնի նման քայլերին՝ երևի շուտով կերևա: Իրանը, որքան էլ փորձում են թուլացնել, հզոր ու ազդեցիկ երկիր է և իր գործը տանուլ չի տա: Բայց նման հովանավորություններից լկտիացած մեր հարևանը ավելի շատ հենց մեզ համար է սպառնալիք:
 
Քանի որ անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջո Բալտոնն այս շաբաթ Եվրասիական մայրցամաք է ժամանել, հարկ է համարել լինելու նաև Բաքվում: Լրատվամիջոցները հաղորդում են, որ նորաթուխ թրքախոս իսլամական այս պետությունում ԱՄՆ նախագահի խորհրդականը քննարկել է Իրանին զսպելու հարցը: 
 
Երեկ, Հայաստան ուղևորվելուց առաջ, Բալտոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագիրը և նրա քաղաքականությունը զսպելու քայլերը: 
 
Մայիսին Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո հայտարարելով, թե վերականգնում է այդ պետության նկատմամբ բոլոր պատժամիջոցները՝ ԱՄՆ իշխանությունները օգոստոսի 7-ից ընթացք տվեցին պատժամիջոցների առաջին փուլին, իսկ երկրորդի մեկնակետ է նշանակվել նոյեմբերի 4-ը: Այս անգամ շեշտը դրվելու է նավթի արտահանման վրա, ընդ որում պատժամիջոցների սպառնալիքի տակ են նաև այն երկրները, որոնք կփորձեն Իրանի հետ գործարար կապեր պահպանել: 
 
- Ալիևի հետ հանդիպման ընթացքում մենք արդյունավետ բանակցություններ անցկացրինք, այդ թվում՝ Իրանի հարցով: Քննարկել են Իրանի գործունեությունը զսպելու, ինչպես նաև նրա միջուկային ծրագրի հարցերը,- Բաքվում լրագրողներին հայտարարել է Բալտոնը: 
 
ԱՄՆ-ը չի ուզում թույլ տալ, որ աշխարհի Իրանից նավթ գնի, իսկ այս վառելիքի խիստ պահանջն իր հեռավոր մայրցամաքից լիովին բավարարել երևի չի կարող: Արդյո՞ք նաև այս պատճառով չի Բալտոնը Ալիևին պատիվ արել իր այցելությամբ:  
 
Բայց նաև չմոռանանք՝ շատ ժամանակ չի անցել, ինչ այդ նույն Ադրբեջանում հինգ օր շարունակ ինչ-ինչ գործեր էր անում Իսրայելի պաշտպանության պատասխանատուն: Բնականաբար՝ դարձյալ Իրանի դեմ: Բայց մենք չենք կարող անտեսել, որ Ադրբեջանի համար գլխավոր թիրախը հայկական պետություններն են: Թե ինչո՞ւ է Ադրբեջանին զինում Իսրայելը, կարելի է եզրակացնել՝ իր թշնամի Իրանի դեմ: Իսկ ո՞ւմ դեմ է ակնհայտորեն ֆաշիստական այդ երկրին զինում Ռուսաստանը: Մի՞թե իրեն անհաշտ պատերազմ հայտարարած ԱՄՆ-ի անհաշտ թշնամի Իրանի դեմ… Թե՞ իր ռազմավարական գործընկեր Հայաստանի դեմ: