Թրամփն իրեն ազգայնական է անվանել
Քանի որ Միացյալ Նահանգներում վերստին նախընտրական կրքեր են բորբոքվում, քաղաքական գործիչներն էլ հանրահավաքների ու հանդիպումների են մասնակցում: Թեքսաս նահանգում ելույթ ունենալով հանրության առջև՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն ազգայնական՝ նացիոնալիստ է համարել: Դրանով նա հակադրվել է գլոբալիստական հայացքներ կրողներին:
ԱՄՆ-ի առաջնորդն ասել է, թե արմատական դեմոկրատները ցանկանում են իշխանությունը վերադարձնել «իշխանության ծարավի կոռումպացված գլոբալիստներին»: Ապա պարզաբանել է՝ գլոբալիստներն այն մարդիկ են, ովքեր ցանկանում են, որ ամբողջ աշխարհի գործերը լավ լինեն, և դրանով հանդերձ՝ իրենց երկրի համար բոլորովին չեն հոգում:
- Մենք կարո՞ղ ենք մեզ նման բան թույլ տալ: Կա այսպիսի բառ՝ ազգայնական, որը հնաոճ է դարձել: Համարվում է, որ այդ բառն օգտագործել չարժե: Բայց ես ազգայնական եմ, այդ բառն ինձ դուր է գալիս,- Թրամփի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ գործակալությունը:
Սա միակ դեպքն է, երբ Թրամփն իրեն բնորոշել է որպես ազգայնական: Մինչ այդ տվյալ բառն օգտագործում էին նրա քաղաքական հակառակորդները՝ որպես քննադատություն ԱՄՆ վարչակազմի հասցեին: Թրամփին ազգայնականության համար մեղադրել են, օրինակ, սենատոր Ջոն Մըքքեյնը և ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:
Գլաբալիզմ ասվածը, ինչ խոսք, մերժելի երևույթ է, որը կոչված է աշխարհը դարձնել միօրինակ, անհատականությունից զուրկ, միատեսակ մտածող ու գործող ամբոխների բնակավայր: Բնականաբար, դրա միակ նպատակը կարող է լինել մարդկային զանգվածների վրա իշխելը դյուրացնելու ձգտումը:
Սակայն աշխարհն արդեն տեսել է նաև սրա հակառակ երեսը՝ նացիզմը:
Եվ եթե Թրամփի պատկերացրած նացիոնալիզմի մեջ նացիզմի տարրեր կան, ապա աշխարհի վիճակն իրոք օրհասական է: Միայն թե գերմանական նացիզմը հենվում էր գերմանական ազգի՝ որպես մեկ գենետիկական ընդհանրության գաղափարի վրա: Իսկ իրեն ո՞ր գենետիկական ընդհանրության մասն է համարում Դոնալդ Թրամփը՝ անհասկանալի է:
Ճիշտ է, քաղաքագիտության մեջ կա դրույթ, թե հանրությունն ազգ է դառնում տնտեսական զարգացման որոշակի փուլում, իսկ Միացյալ Նահանգներն այդ փուլը վաղուց է հաղթահարել: Սակայն դրան հակադրվող կարծիքներն առավել հիմնավորված են: Այդ դեպքում գուցե կարելի է խոսել ժողովրդի՝ մեկ տեղ ժողովված և հաճախ իրարից էականորեն տարբերվող հանրության մասին: Բայց այդտեղ էլ ուղղակի բառախաղ է ստացվում՝ չէ՞ որ Թրամփը հակադարձել է իր ժողովրդավար հակառակարդներին՝ դեմոկրատական կուսակցության գործիչներին: Հո չի՞ կարող ասել, թե ինքը ժողովրդավար է…
Ամեն դեպքում, աշխարհի համար ավելի լավ է ԱՄՆ-ում տեսնել ազգայնական նախագահի, քան գլոբալիստի: Բայց եթե դու քեզ իսկապես ազգի ներկայացուցիչ ես համարում, ուրեմն չես կարող չհարգել մյուս բոլոր ազգերին: Ազգերին, այլ ոչ թե կեղծ ազգային գիտակցությամբ թունավորվածներին: