Հերթական միջազգային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը մտահոգություններ է առաջացրել նաև Չինաստանում

Ռուսական կիրակնօրյա լրահոսը ուղղակի աղաղակում էր Միանցյալ Նահանգների նախագահ Դոնյդ Թրամփի որոշման մասին՝ միակողմանիորեն դուրս գալ Միջին և փոքր հեռահարության հրթիռների արգելքի մասին երկկողմանի պայմանագրից: Պայմանագիր, որը կնքվել է դեռևս Միացյալ Նահանգների ու Խորհրդային Միության միջև սառը պատերազմի տարիներին և կոչված է եղել աշխարհում ապահովելու խաղաղություն և կայունություն: ԱՄՆ նախագահն իր այդ քայլը պատճառաբանել է նրանով, թե Ռուսաստանը խախտում է այդ պայմանագիրը:
 
Կատարվածին հոկտեմբերի 22-ին արձագանքել է Չինաստանի ԱԳՆ-ն: Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյին ճեպազրույցի ժամանակ նշել է, որ այդ պայմանագիրն առաջվա նման կարևոր նշանակություն ունի, և ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը բազմակողմանի բացասական ներգործություն կունենա: 
 
- ՄՓՀՀՊ-ն սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի ձեռք բերած կարևոր համաձայնություն է զենքերի վերահսկողության գծով: Այն շատ կարևոր դեր է կատարել միջազգային հարաբերությունների կարգավորման, համընդհանուր ռազմավարական հաշվեկշիռը պահպանելու և կայունության գործում: Մինչև այսօր այն առաջվա նման անչափ կարևոր նշանակություն ունի,- հայտարարել է Չունյին: 
 
Նա ընդգծել է բազմակողմանի բացասական ներգործությունը և հույս է հայտնել, որ ներգրավված կողմերը «կգնահատեն արդյունքը», որին հասել են մեծ աշխատանքի գնով, իսկ պայմանագրին առնչվող հարցերը կվճռեն երկխոսության և բանակցությունների միջոցով: 
 
- Մենք հույս ունենք, որ գործողություններ սկսելուց առաջ կողմերը պայմանագրից դուրս գալու հարցերը մի անգամ ևս վերստին կդիտարկեն,- շեշտել է ՉԺՀ արտաքին գործերի գերատեսչության ներկայացուցիչը: 
 
Իսկ Թրամփը, մեկնաբանելով իր այս կարևոր նախաձեռնությունը, նաև հայտարարել է, թե Վաշինգտոնն իր սպառազինումն առաջ է մղելու: 
Կիրակի Մոսկվա է ժամանել անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնaկան Ջոն Բալտոնը: Հենց նրանից էլ ռուսական կողմն ակնկալում է պարզորոշ բացատրություն ստանալ պայմանագրի գծով ԱՄՆ-ի հետագա քայլերի վերաբերյալ: 
 
Իհարկե, շատ հնարավոր է, որ ռուսական կողմն այդ համաձայնագրից իրոք ինչ-որ շեղումներ թույլ տված լինի: Սակայն նաև ակնհայտ է, որ Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց ի վեր Միացյալ Նահանգներն իրար հետևից միակողմանիորեն դուրս է գալիս միջազգային կարևոր համաձայնագրերից: Այնպիսի տպավորություն է, թե այնտեղ փորձում են ձերբազատվել ամեն տեսակի պատասխանատվությունից կամ իրենց ձեռքն առնել բոլոր լծակները: