Դանիան՝ խոշորագույն հարկային խաբեության զոհ

Այս կորուստը, իհարկե, Դանիայի համար կործանարար չի լինի: Բայց այդօրինակ խաբեությունները չեն կարող չանդրադառնալ, օրինակ, Հայաստանի նման վտանգավոր գոտում ու շրջապատող թշնամիներից թիրախավորված պետության վրա: Մեր արդի օրենքները, որոնց  բոլոր կետերը քաղված են այս կամ այն եվրոպական պետության պատրաստի դրույթներից՝ անտեսելով հայկական օրենսդրության բազմադարյան մշակույթը, հարմարեցված է տվյալ պահին իշխանություն ունեցեղների շահերին: Դե, իսկ կաշառակեր պաշտոնյաների պակաս վերջին տասնամյակներում բնավ չենք ունեցել: Այնպես որ, վատ չէր լինի՝ Դանիայի այս օրինակն աչքի առջև ունենայինք:
 
Եվրոպայի հյուսիսում Յուտլանդիա թերակղզու և բազմաթիվ կղզիների վրա տարածվող Դանիան՝ ընդամենը 5,5 մլն բնակչություն ունեցող այդ խորհրդարանական միապետությունը, դարձել է պատմության մեջ խոշորագույն հարկային խաբեության զոհը:
 
Սկսած 2012թ.՝ թագավորության հարկային ծառայության բաժանմունքների միջոցով Դանիայից Միացյալ Նահանգներ է դուրս հանվել 2 մլրդ դոլար: Սա նման փոքր երկրի համար նշանակալի գումար է: 
 
Նման բան հնարավոր է դարձել օրենսդրական սողանցքի պատճառով: Գործողություններն իրականացվել են շահաբաժինների հարկային պահումների միջոցով: Իշխանություններն այդ ծրագրի կազմակերպիչ են համարում Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սանջայ Շահին, իսկ նա թեև իր արածը չի ժխտում, բայց և իրեն մեղավոր չի համարում: Իբր, ինքն ուղղակի օգտվել է օրանսդրական բացից:  
 
Ինչպես հաղորդել է New York Times-ը, հետաքննությունը դեռևս ավարտված չէ: Ըստ լրատվամիջոցի հաղորդած տվյալների՝ բրիտանացի Շահն իր գործողությունների մեջ է ներքաշել նաև մի քանի ամերիկացիների, և հենց նրանք էլ դիմումներ են ներկայացրել հարկերը վերադարձնելու մասին: Այն էլ այն դեպքում, երբ անգամ Դանիական ընկերությունների բաժնետոմսեր չեն ունեցել: 
 
Դեռևս հնարավոր չի եղել պարզել, թե ինչպես են կարողացել  միջոցների վերադարձման հավանություն ստանալ: Կարծիք կա, որ տվյալ դեպքում միակ հավանական տարբերակը Դանիայի հարկային ծառայության աշխատակիցներից մեկի «բարի կամքն» է եղել: