Մեծ Բրիտանիայում Brexit-ի նոր հանրաքվեի հավանականությունը չեն բացառում
Երբ 2016թ. հունիսին Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության ընդարձակ տարածքում հանրաքվե անցկացվեց Եվրամիությունից դուրս գալու հարցադրումով, մարդիկ թերևս մտածում էին, թե դրանով շատ կարևոր խնդիրներ են լուծվելու, և պետության առջև նոր հեռանկարներ են բացվելու: Ընտրողների 51%-ից ավելին նախընտրեց Բրյուսելից անկախ ապրելու տարբերակը և…
Եվ Մեծ Բրիտանիայի համար ծանր օրեր սկսվեցին:
Կիրակնօրյա Times-ը գրել է, որ բրիտանացի պաշտոնյաներն այժմ դիտարկում են երկրորդ Brexit անցկացնելու ծրագիրը: Նշենք, որ տարբեր լրատվամիջոցներ տեղեկացնում են, թե Լոնդոնում բազմաթիվ մարդիկ փողոց են դուրս եկել` պահանջելով ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ երկրորդ հանրաքվե:
Եվ այսպես, բրիտանական պարբերականը նշում է, թե բրիտանացի պաշտոնյաները դիտարկում են մի սցենար, որով կկարողանան երկրոդ անգամ հանրաքվե անցկացնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նպատակահարմարության վերաբերյալ:
- Պետական ծառայողները պետք է պատրաստվեն իրադարձությունների ցանկացած շրջադարձի` նկատի ունենալով օր օրի նվազող խորհրդարանական աջակցությունը վարրչապետին: Դա նրանց աշխատանքն է, նրանք պետք է բոլոր հնարավոր տարբերակների, անգամ քիչ հավանականների համար պահեստային ծրագրեր մշակեն, այդ թվում` երկրորդ հանրաքվեի,- The Sunday Timesին ասել է Brexit-ի գծով նախարարության ներկայացուցիչ աղբյուրը:
Երևում է` իրավիճակն իրոք շատ է լարվել, քանի որ դրանից առաջ կառավարությունը բացառել է երկրորդ հանրաքվեի հավանականությունը` իր դիրքորոշումը բացատրելով ժողովրդի կամքն ի կատար ածելու ձգտմամբ: Միայն թե Թերեզա Մեյի փոքրամասնության կառավարությունը Համայնքների պալատում հենվում է հյուսիսիռլանդական յունիոնիստական կուսակցության 10 պատգամավորի վրա, և եթե Բրյուսելի հետ գործարքը հնարավոր դառնա, գուցե կոշտ Brexit-ի կողմնակիցների և հակառակորդների միջև թորի ճամբարում տեղ գտած միջկուսակցական տարաձայնությունները դրան խանգարեն:
Հիշեցնենք, որ ԵՄ-ից Բեծ Բրիտանիայի դուրս գալու վերջնաժամկետը 2019թ. մարտի 29-ն է, որից հետո մինչև հաջորդ տարվա դեկտեմբերի 31-ը անցումային փուլ է նախատեսված: Մեծ Բրիտանիան գուցե դեռևս ժամանակ ունի Brexit-ից հրաժարվելու, քանի որ ամեն ինչից երևում է` ԵՄ կազմում մնալը նրա համար շատ ավելի ձեռնտու է: Իսկ եթե 2020թ. վերջին օրը այն այնուամենայնիվ համարվի Եվրամիությունից դուրս երկիր` չի բացառվում, որ հաջորդ տարի դարձյալ դիմի դրա անդամը դառնալու համար:
Քանի որ այդ անդամությանը շատերն են ձգտում, մնում է մտածել, որ դա շահավետ է, մինչդեռ այտեղից դուրս գալու համար Մեծ Բրիտանիան ստիպված է համարյա 50 մլրդ դոլար վճարել:
Բայց նաև չի բացառվում, որ այդ օրն ազդարարի Եվրամիության կազմաքանդման մեկնարկը: Որովհետև, բոլոր արհեստական միավորների նման, մի օր սա էլ է փլուզվելու: