Ըստ Թրամփի` Կիմ Չեն Ընի նամակները սիրային ուղերձներ են հիշեցնում

Մեկ տարի առաջվա երդվյալ թշնամիների հարաբերություններն այնքան են ջերմացել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընի նամակները համեմատել է սիրային ուղերձների հետ:

Թրամփն ասել է, թե Կիմի նամակները վկայում են արդյունավետ հարաբերությունների մասին: Ամերիկայի առաջնորդը խոստացել է այդ նամակները ցույց տալ լրագրողներին
Դրանից առաջ Թրամփը հայտարարել էր, որ Սինգապուրում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ իրենք «սիրահարվել են մեկը մյուսին», և այդ խոսքերը ԶԼՄ-ներում քննարկվել ու քննադատվել են (հիշեցնում է «ՌԻԱ-նովոստին»):

Երկու երկրների ղեկավարների առաջին վեհաժողովը Սինգապուրում տեղի է ունեցել այս տարվա հունիսի 12-ին, որտեղ նրանք կարևոր փաստաթղթեր են ստորագրել: Դրանց համաձայն ԱՄՆ-ը պարտավորվել է երաշխավորել Փհենյանի անվտանգությունը, իսկ Փհենյանը հաստատել է Կորեական թերակղզու լիովին միջուկազերծման մտադրությունը: Այժմ երկու երկրների  վարչակազմերը քննարկում են Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի նոր հանդիպման հնարավորությունը:

Երևում է` միջուկային պատերազմով իրար սպառնացող երկրների ղեկավարների հանդիպումն իրոք արդյունավետ է եղել: Իսկ Կիմ Չեն Ընի «սիրահարական» նամակները գուցե օրինակ դառնան ԱՄՆ-ի հակառակ «բարիկադներում» գտնվող պետությունների ղեկավարների համար, թե ինչպես է հնարավոր կարգավորել հարաբերությունները այդ հզորագույն երկրի ղեկավարի հետ:

Իհարկե, ամենայն հավանականությամբ, իրենց հարաբերությունների արդյունավետությունից ոգևորված Թրամփը պարզապես գեղարվեստորեն է արտահայտվել և բառն օգտագործել է փոխաբերական իմաստով: Սակայն մեր ժամանակներում, երբ ամեն մի անհատ ինքն իր համար լրատվամիջոց է հենց թեկուզ սոցիալական ցանցերի իր էջում, դժվար է բոլորից պահանջել, որ ճիշտ ընկալեն խոսքի այդ նրբությունը: