Վարշավան կվճարի, որպեսզի Լեհաստանում ԱՄՆ ռազմական հենակետ բացվի

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչը հայտարարել է, որ Վարշավան մտադիր չէ միանալ ամերիկյան nuclear sharing միջազգային զենքի հասանելիության ծրագրին: «Dziennik Gazetа Prawnа» թերթին տված նրա հարցազրույցը հրապարակվել է երեկ՝ հոկտեմբերի 9-ին:
 
- Դա բանակցությունների առարկա է: Դա հայեցողության խնդիր չէ,- ասել է Չապուտովիչը:
 
Սրա հետ միաժամանակ, Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը հաստատել է, որ լեհական կողմը իրենց երկրում ԱՄՆ զորքերի մշտական հենակետի  տեղադրմանն է սպասում 2019թ. սկզբին: 
 
- Խոսքը եկող տարվա գարնան մասին է,- հստակեցրել է նախարարը: 
 
Լեհաստանում ամերիկյան զորքերի մշտական հենակետ ստեղծելու մասին ավելի վաղ խոսվել է երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, թե Վաշինգտոնը դեռևս կշռադատում է Լեհաստանում ամերիկյան մշտական հենակետ տեղադրելու հարցը, իսկ Վարշավան պատրաստ է դրա համար վճարել «միլիարդավոր-միլիարդավոր դոլարներ»: 
 
Դրանից հետո էլ Դուդան վերստին հիշեցրել է՝ Վարշավան հույս ունի, որ Լեհաստանում կստեղծվի ամերիկյան ռազմական մշտական հենակետ, և անգամ դրա համար անվանում է առաջարկել՝  Fort Trump («Թրամփ ամրոց»): Իսկ մինչ այդ պաշտոնական Վարշավան Վաշինգտոնին առաջարկել էր Լեհաստանում  մշտական հիմունքներով տեղադրել ամերիկյան զրահատանկային դիվիզիա ու նաև խոստացել էր ստանձնել դրա ծախսերը, որը կկազմի 1,5-2 մլրդ դոլարի կարգի գումար: Ընդ որում, այս առաջարկությունն արվել է ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս՝ որպես երկողմ հարաբերությունների դրսևորում:
 
Երևում է՝ Լեհաստանում շատ են անհանգստանում ինչ-որ ռազմական ներխուժումից, և ՆԱՏՕ-ի հովանավորությամբ չբավարարվելով՝ «միլիարդավոր-միլիարդավոր» դոլարներ են տալիս ԱՄՆ-ին, որպեսզի սեփական տանն իրենց ավելի ապահով զգան…