ՉԺՀ արտգործնախարարի առաջարկը ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյին

Չինաստանի արտգործնախարար Վան Ին
ԱՄՆ-ի իր պաշտոնակցին առաջարկել է ուղղել սխալները և Չինաստանի հետ նույն հունով ընթանալ: Տարածաշրջան այցելած պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ Վան Ին հոկտեմբերի 8-ին հանդիպել է Պեկինում:
 
Ըստ ՉԺՀ արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Վաշինգտոնը պետք է վերջ տա Չինաստանին վնասող գործողություններին, հրաժարվի իր սխալ ձեռնարկումներից և սկսի միասնական հունով աշխատել չինական կողմի հետ: 
 
- Ամերիկյան կողմը պետք է հրաժարվի սխալ եղանակներից, որոնք վնաս են հասցնում մեր երկրի կարևոր շահերին և դադարեցնի մեր դեմ չհիմնավորված մեղադրանքներ հարուցել: Միացյալ Նահանգները լավ կանի՝ Չինաստանի հետ նույն ուղղությամբ գնա և կայուն կերպով պահպանի մեր երկկողմ հարաբերությունների ճիշտ  գիծը,- նախարարի խոսքերն է մեջբերել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը: 
 
Վան Ին նաև նշել է, թե Պեկինը պատրաստ է արդյունավետ կերպով նպաստել Վաշինգտոնի հետ ներդաշնակ հարաբերությունների հաստատմանը: Բայց նաև զգուշացրել է, որ դրա հետ մեկտեղ գործուն կերպով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը, զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող իր գլխավոր շահերը և ազգային անվտանգությունը:
 
Միացյալ Նահանգները, թերևս, շատ կցանկանար գոնե արգելակել Չինաստանի անխոնջ վերելքը, սակայն երևում է՝ ահեղ Ամերիկայից այնտեղ այնքան էլ չեն վախենում: