ԻՐԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ Է ԽԵԼՈ՞Ք ՄՆԱԼ

Մոտ օրերս շփման գծի իրավիճակը ցույց կտա՝ Իրանին հաջողվե՞լ է սառեցնել Հասանովի տաք գլուխը, թե՞ ավելի է բորբոքել արյան ծարավը: Եթե երկրորդն է տեղի ունեցել, լավ կլինի՝ այդ սառը ցնցուղը մեր զինուժի այրող պատասխանից ստանա:
 

Ադրբեջանի ռազմատենչ պաշտպանության նախարարը մեծ պատվիրակությամբ ապրիլի 15-16-ին հյուրընկալվել էր Իրանի Իսլամական Հանրապետությունում: Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի հետ հանդիպման ժամանակ խոսվել է նաև արցախյան խնդրի խաղաղ կարգավորումից: Իրանի պաշտպանության նախարարը շեշտել է իրավիճակի ռազմական լարումից ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը` նշելով, թե այդ դեպքում երրորդ երկրների միջամտությունն անխուսափելի է դառնալու: Եվ հույս է հայտնել, թե Ադրբեջանն ու Հայաստանը վճռական կլինեն ու թույլ չեն տա, որ իրադարձություններն այդպիսի ընթացք ստանան: Հասանովի այցի մանրամսները հրապարակել է իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը:

Իրանի պաշտոնյաներն Ադրբեջանի պատվիրակությանը հնարավորություն են տվել դիտելու իրենց ռազմական արդյունաբերության ցուցահանդեսի նմուշները, իմանալու, թե ինչ արտադրանք են տալիս: Հասանովին ընդունել են նաև Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շահմանին, խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին: Քննարկումների ժամանակ շոշափվել են Արցախի հարցը, ահաբեկչությանն և տարածաշրջանին առնչվող խնդիրներ: 

Թե ինչ է տվել այս ամենը Զաքիր Հասանովին, որի նախարարական պաշտոնը նշանավորվել է, ինչպես շատ լավ հիշում ենք, շփման գծի աննախադեպ աշխուժացմամբ, սպառազինվելու մոլուցքով, բազմաթիվ սադրանքներով ու մարտական գործողություններով` ցույց կտան նրա հետագա քայլերը:

Եթե լրատվությանը հետևելու լինենք, Իրանում նրան բարեկամաբար են ընդունել: Սակայն թե ինչպիսի շեշտադրումներով են քննարկումներն անցել և ինչ են փորձել հասկացնել իրենց երդվայալ թշնամի Իսրայելի հովանավորությունը վայելող հարևան երկրի ուժային նախարարին` տեսանելի չէ: Մի բան հաստատ է՝ իր ռազմարդյունաբերության արտադրանքը ցուցադրելով՝ Իրանը Հասանովին զգուշացրել էթ, թե հակամարտության սրման դեպքում «երրորդ երկրների» միջանտությունը անխուսափելի կլինի: Թե երրորդ երկիր ասելով՝ որ մեկին նկատի ունի` չի պարզաբանվել: Իհարկե, դա կարող է լինել Իրանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը. գուցեև`բոլորը միասին: Բայց որն էլ լինի` չի բխում ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ, առավել ևս, Հայաստանի շահերից: