Իտալացի գործիչը Եվրամիությանը համար «քաղաքական երկրաշարժ» է կանխատեսել

Ընդամենը կես տարի առաջ Իտալիայում իշխանության եկած քաղաքական ուժի առաջնորդը Եվրամիության համար «քաղաքական երկրաշարժ» է կանխատեսել: Եվ այդ երկրաշարժը, նրա կարծիքով, կցնցի Եվրոպան` Եվրախրհրդարանի հերթական ընտրություններից հետո: Իտալիայի փոխվարչապետ և համատեղությամբ տնտեսական զարգացման նախարար Լուիջի դի Մայոն հայտնի քաղաքական գործիչ է և «5 աստղի շարժում» կուսակցության առաջնորդը:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 4-ին Իտալիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում այս կուսակցությունը (որ հայտնի է M5S հապավումով) ընտրողների համարյա մեկ երրորդի քվեներին էր արժանացել, այնուհետև երկար խրհրդակցություններից հետո կոալիցիա կազմել 37% քվեների արժանացած դաշինքի հետ, որը գլխավորում էր «Լիգա» կուսակցությունը: ԵՄ-ում ընդունված է այս երկու քաղաքական ուժերը համարել ամբոխավարական, հակահամակարգային և հակաեվրոպական:

- Եվրոպական մակարդակում տեղի կունենա քաղաքական երկրաշարժ, և բոլոր կանոնները կփոխվեն: Ինչպես ցույց են տալիս հասարակական կարծիքի հարցումները` Եվրոպայի բոլոր երկրներում շուտով տեղի կուննենա այն, ինչ մեզ մոտ եղավ մարտի 4-ին: Այդ ամենը ակնհայտ կդառնա եվրոպական ընտրություններից հետո,- ձեռնարկատերերի հետ կիրակնօրյա հանդիպման ժամանակ Մայոյի ասած խոսքերն է փոխանցել «ՌԻԱ-նովոստին»:

Ըստ բանախոսի` եվրոպական կառույցներն ու ԶԼՄ-ներն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի հասնեն մարտի 4-ից հետո Իտալիայում իշխանության եկած կոալիցիոն կառավարության հրաժարականին:

- Մեդիահամակարգն ու եվրոպական համակարգն արդեն որոշել են, որ այս կառավարությունը պետք է հնարավորինս շուտ ընկնի: Բայց որքան նրանք դրա համար շատ բան են անում, այնքան մենք ավելի ենք համախմբվում,- ընդգծել է Իտալիայի հայտնի քաղաքական գործիչը:

Մայոն կանխատեսում է խաղի կանոնների փոփոխություն «եվրոպական մակարդակում»: Եվ հնարավոր է` նա արդեն տեսնում է դրա նախադրյալները: Հարցն այն է, թե որ ուղղությամբ կընթանան այդ փոփոխությունները և դեպի ուր կտանեն Եվրոպան, որից աշխարհում շատ բան է կախված: Մոլորակի ընդերքն ամեն օր է ցնցվում, բայց ավերածություններ ու զոհեր բերում են այն երկրաշարժերը, որոնց էներգիան կուտակվել է երկար ժամանակ ու դուրս է ժայթքել խոցելի վայրերում:

Եվ ուրեմն 2019թ. մայիսի 23-26-ին տեղի ունենալիք Եվրախորհրդարանի ընտրությունները, հնարավոր է, ցույց կտան, թե որն է ԵՄ-ի թույլ տեղը: Մեր ժամանակներում հասարակությունն այնքան արագորեն է վերափոխվում (ցավոք` առայժմ հիմնականում այլասերման ուղիով), որ ինչ ասես` կարող է պատահել: