ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է համարում շտապ մեծացնել պաշտպանության ոլորտի ներդրումները

Բրյուսելում հոկտեմբերի 4-ի մամուլի ասուլիսին ամփոփելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքները՝ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասել է, որ անհրաժեշտ է համարում պաշտպանության ոլորտի ներդրումները շտապ մեծացնել: Դաշինքի անդամները պետք է մոտ ժամանակներս համապատասխան ծրագրեր ներկայացնեն:
 
- Մենք անհրաժեշտություն ենք համարում պաշտպանական ներդրումները շտապ մեծացնել: Ես ակնկալում եմ, որ մենք տարեցտարի տեսնելու ենք պաշտպանական ծախսերի ավելացումը և ՀՆԱ-ի 2%-ին հասնելը,- նշել է նա՝ հավելելով.
 
- ՆԱՏՕ-ի բոլոր երկրները մինչև տարեվերջ կներկայացնեն պաշտպանության ծախսերի ավելացման ազգային ծրագրերը, այդ թվում՝ նոր ռազմական հնարավորությունների ձեռքբերման գծով: Իսկ մենք դրանք կքննարկենք փետրվարին
 
Ռազմական դաշինքի նման գործելակերպը մտավախություն է առաջացնում, թե այնտեղ պատերազմի նախապատրաստություններ են տեսնում: Մոլորակի բնական պաշարների, գիտական մտքի, մարդկային զանգվածների հսկայական մասը ծառայում է մի գործի, որի նպատակն է ոչնչացնել, սպանել, թալանել, կործանել… Ու այսպես է եղել հազարամյակներ շարունակ: ՆԱՏՕ-ի անդամ  28 երկրներն այժմ պարտավոր են միասնական ուժերով ապահովել կառույցի ռազմական մեծ ծախսերը՝ որքան էլ դա իրենց երկրների բնակիչների վրա ծանր նստի: Արդեն կան երկրներ, որոնք բողոքում են, թե ՀՆԱ-ի 2%-ն իրենց վրա ծանր բեռ է:
 
Իսկ երբ խոսքը վերաբերում է թեկուզ այդ նույն երկրների բնակիչների բարօրությանը, այստեղ միասնական ծրագրերի մասին խոսք լինել չի կարող: Հենց ՆԱՏՕ-ի անդամ Միացյալ Նահանգներն է Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ երկրների դեմ առևտրային պատերազմ վարում՝ նրանց համար բարձր մաքսատուրքեր սահմանելով և այլն: 
Երբ մեկը անունը դնում է պաշտպանություն, բայց հարձակողական զենք է ձեռք բերում, երբ դիմացինի մեջ լոկ մրցակից ու թշնամի է տեսնում, երբ ամեն կերպ ձգտում է տիրանալ այն ամենին, ինչին ձեռքը կհասնի՝ նա մի օր անպայման պատերազմ կհրահրի: Իսկ մեր աշխարհում համարյա բոլորն են այդպիսին: 
 
Միակ բանը, ինչը կարող է աշխարհակործան պատերազմներից փրկել մեր մոլորակը, թերևս հանընդհանուր զինաթափումն է: Միայն թե երևում է՝ մարդը դեռևս չի կարողանում սրա գիտակցությանը հասնել, և այս առիթով նույնպես Թումանյանը կասեր «Ու հեռու է մինչև մարդը իր ճամփան»: