Մակեդոնիայի անվան խնդիրը դարձյալ անորոշ մնաց

Անկախանալով նախկին Հարավսլավիայից՝ Հունաստանից հյուսիս ընկած նահանգի բնակիչները որոշեցին Սկոպյե մայրաքաղաքով իրենց նոր պետական միավորը կոչել Մակեդոնիա: Ինչպես հայտնի է՝ Մակեդոնիայի մարզ կա նաև Հունաստանում, և հույներին այդ գաղափարը բնավ դուր չեկավ: Այնքան, որ խոչընդոտեցին նորահայտ Մակեդոնիայի անդամանկցությանը թե՛ Եվրամիությանը, թե՛ ՆԱՏՕ-ին:
 
Բայց քանի որ այդ երկուսն էլ «սոցիալիստական ճամբարին» հրաժեշտ տված Մակեդոնիայի համար կարևոր են, անվանափոխության պահանջը կատարվեց՝ որոշեցին այժմ էլ կոչվել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Հունաստանի իշխանությունները դրան հավանություն տվեցին, միայն թե դա հունական կողմի դժգոհությունը չվերացրեց: 
 
Այսպես, «Պրոտո-թեմա» լրագիրը հրապարակել է տվյալներ, ըստ որոնց հույների մեծամասնությունը դեմ է Մակեդոնիայի այդպիսի վերանվանմանը: Ըստ այդմ՝ հարցվածների 72%-ի ցանկությունն է, որ Աթենքը հրաժարվի Պրեսպանսի համաձայնագրից, որով առաջարկվում է բալկանյան այդ երկիրը պաշտանապես անվանվել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: 
 
Նոր անվանը դեմ են նաև մակեդոնացիները (ի դեպ, այս պետության բնակչությունը կազմված է հիմնականում հարավային սլավոններից, շատ են նաև ալբանացիները, թուրքերը, սերբերը, բուլղարացիները): Սեպտեմբերի 30-ին Սկոպյեում հանրաքվե է անկացվել: Մակեդոնիայի բնակիչները պետք է պատասխանեին հարցին, թե աջակցո՞ւմ են ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը՝ ընդունելով Մակեդոնիայի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնությունը: Քվեարկությունը ճանաչվել է չկայացած: Ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 37%, մինչդեռ անհրաժեշտ է եղել 50-ից ավելին: 
Ակնհայտ է, որ Աթենքի և Սկոպյեի համաձայնեցրած այդ նոր անվանումը հարմար չէ: Միայն թե հարավսլավական ծագում ունեցողները ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել Մակեդոնացու կերպարով փառաբանված անունից, հազարամյակներով Մակեդոնիա ունցած Հունաստանն էլ չի ցանկանում իր տեղանունը նվիրաբերել հարևանին:  
 
Չի բացառվում, որ հույները դաս են քաղել նաև Ադրբեջան անվան չարաշահումից: Նորաստեղծ թուրքալեզու մահմեդական պետությունը Ադրբեջան կոչելուց հետո, որի դեմ հարյուր տարի առաջ Իրանը բողոքեց, այժմ այնտեղ փորձում են օգտագործել Իրանական Ադրբեջանի թրքախոս լինելը և նրանց ու իրենց հայտարարել չար բախտի բերմամբ իրարից բաժանված նույն ազգը: Իսկ ժամանակին բռնի թուրքախոս դարձած պարսիկները, քանի որ կրոնով նրանցից չեն տարբերվում, մեծ մասամբ այդ խայծը կուլ են տալիս:  
 
Դե, իսկ հույներն ու արդեն 25-30 տարի իրենց մակեդանացիներ անվանողները, երևում, է դեռ երկար ճանապարհ ունեն՝ մինչև համաձայնության կգան ու երկուստեք ընդունելի որոշման կհանգեն: Եթե, իհարկե, արդի աշխարհում նման բան հնարավոր է…