ՄԲ արտգործնախարարը համարձակվել է ԵՄ-ն համեմատել ԽՍՀՄ հետ

ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ՆՐԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐ ԿԱՐԴԱԼ

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ծանր ընթացքը հասցրել է նրան, որ բրիտանական արտգործնախարարը բանակցությունների ժամանակ Եվրոպական միությունը համեմատել է Խորհրդային Միության հետ: Բնական է, որ ԵՄ ղեկավարությանը դա դուր չի եկել, բայց դրան հավանություն չի տվել նաև վարչապետ Թերեզա Մեյը: Մեյի կարծիքը հրապարակել է  RTE հեռուստաընկերությունը:
 
Նախ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը ԵՄ-ին կոչ էր արել չվերածվել բանտի՝ «ինչպիսին Խորհրդային Միությունն էր»: Նա Brexit-ի բանակցություններում ԵՄ-ի որդեգրած քաղաքականության դեմ քննդատության հեղեղ էր թափել և հայտարարել, թե Եվրամիությունը Մեծ Բրիտաիայի «պատժում է» այնտեղից հեռանալու որոշման համար:  Ի պատասխան՝ Եվրահանձնաժողովը Հանթին խորհուրդ է տվել պատմության դասագրքեր ընթերցել, որպեսզի այնքան հեռուն չգնա, որ ԵՄ-ն ԽՍՀՄ-ի հետ համեմատի: 
 
- Եվրոպական Միությունում կան երկրներ, որոնք երբևէ Խորհրդային Միության մաս են կազմել: Այժմ դրանք ժողովրդավարական երկրներ են, և ես կարող եմ ձեզ ասել, որ այդ երկու կազմակերպությունները նույն բանը չեն,- հայտարարել է Մեյը՝ մեկնաբանելով իր կառավարության արտգործնախարարի խոսքերը: 
 
Ավելի վաղ Եվրամիության երկրները մերժել էին Բրիտանիայի վարչապետ Մեյի այսպես կոչված «Չեքերսի նախագիծը», որը ենթադրում էր Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև ստեղծել ազատ առևտրի գոտիներ, ինչն արդյունաբերական ապրանքների և գյուղմթերքների համար ընդհանուր գրանցամատյան կնախատեսեր: ԵՄ-ի որոշումն ըստ էության բանակցությունները փակուղի է մտցրել, մինչդեռ վերջնական Brexit-ին ընդամենը կես տարի է մնում: Վերջնաժամկետ է նշանակված 2019թ. մարտի 29-ը:
 
Ինչ խոսք, այս պահին Եվրամիությունն իրոք էլ Խորհրդային Միությանը նման չէ: Սակայն թերևս Բրիտանիայի արտգործնախարարն իրապես սուր աչքով նկատել է երևույթներ, որոնք խորանալով՝ կարող են եվրոպական պետությունների միությունը դարձնել այնպիսին, ինչպիսին ամբողջատիրական ու Ռուսաստանի շահերին ծառայող ԽՍՀՄ-ն էր: Այս դեպքում հնարավոր է՝ նման առաջատար դիրք ոչ թե պետություններից մեկը գրավի, այլ ԵՄ ղեկավար կենտրոնը: Հանթի խոսքերը կարող էին ԵՄ ղեկավարների վրա սառը ցնցուղի ներգործություն ունենալ և սխալներից սթափեցնել, սակայն միամտություն է արդի աշխարհում ակնկալել արդար կառավարում կամ շահամոլությունից զերծ իշխանություն: