ՎԵՐՋԻ ՍԿԻԶԲԸ

Էրդողանի ուրախությունը երկար չի տևի

Իրեն և ընտրակեղծարարներին հայտնի բոլոր մեթոդներով Էրդողանն իրականացրեց ինքզինքը միապետ սուլթան կարգելու երազանքը: Սահմանադրական փոփոխություններով Էրդողանը կարողացավ կորզել իր համար այդքան ցանկալի «այո»-ն: 

Չնայած՝ կորզել ասածն էլ այնքան տեղին չէ, որովհետև քվեարկության արդյունքները հավատընծա չեն: Ի սկզբանե տեղեկություններ հրապարակվեցին, որ  Թուրքիայի 81 նահանգներից 32-ում հաղթել է «ոչ»-ը, 49-ում՝ «այո»-ն: Մասնավորապես, էրդողանյան փաշայապետության հիմնարկեք հանդիսացող դահմանադրական փոփոխություններին դեմ են քվեարկել գերազանցապես քրդաբնակ, առավել աշխարհիկ համարվող արևմտյան և Միջերկրականի ափին գտնվող նահանգները: Խոշորագույն՝ Ստամբուլ, Անկարա և Իզմիր քաղաքները ևս  դեմ են քվեարկել փոփոխություններին: Միայն Թայիփ Էրդողանի առաջարկած փոփոխություններին կողմ են քվեարկել երկրի կենտրոնական շրջանները և Սև ծովի առափնյա նահանգներում են «այո»  ասել Ռեջեփիառաջարկած փոփոխություններին:

Այլ պետություններում բացված ընտրատեղամասերում կատարված քվեարկության արդյունքներով՝  «այո»-ն ստացել է 59.09% կամ 831 հազար 43 քվե, «ոչ»-ը՝ 40.91% կամ 575 հազար 288 քվե:  Հետաքրքրական է, որ Գերմանիայում, Ֆրանսիայում և Բելգիայում հաղթել են Էրդողանի կողմնակիցները, մինչդեռ մյուս երկրների ճնշող մեծամասնությունում(ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հայաստանի հարևաններ Վրաստանում և Ադրբեջանում) հաղթել են սահմանադրական փոփոխությունների հակառակորդները: «Ոչ» ասողների  բարձր տոկոսը հուշում է, որ Էրդողանն իր երկրում լուրջ դիմադրության օջախ ունի: Ընդ որում, ոչ միայն ներսում, այլև դրսում: Հիշենք բազմաթիվ բողոքի ակցիաները եվրոպական երկրներում, երբ պահանջում էին թույլ չտալ սուլթանի լիազորությունների մեծացումը: Այս ամենին էլ հավելենք հանրաքվեի ընթացքին հետևած դիտորդների դիտողությունը ոչ պատշաճ թափանցիկության և այն մասին, որ «նիստերը եղել են հասարակության և դիտորդների համար փակ, և միայն սահմանափակ թվով որոշումներ են հրապարակվել»՝ ավելի կանխատեսելի է դառնում միջազգային հանրության կողմից առաջիկայում դրան տրվելիք գնահատականները:

Սահմանադրական բարեփոխումների հաղթանակը Էրդողանը երկար չի վայելի: Նախ  Արևմուտքը նրան հանգիստ չի տա:  Եվրոպան արդեն հայտարարել է, որ Թուրքիայի սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանել  եվրոպական չափանիշերին: Այն չափանիշերին, որոնք, ըստ էության, ոտնատակ տվեց Էրդողանը: Երկրորդ. զանազան պատժամիջոցներից բացի՝  Արևմուտքը կարող է Թուրքիայի ներսի խնդիրներն (օրինակ, քրդերի պայքարը) օգտագործելով՝ ուղղակի պառակտել  ժողովրդավարության շեմին այդպես էլ ոտք չդրած այս երկիրը: Այնպես որ՝ Էրդողանը հազիվ թե հասցնի  ստեղծել իր երազած օսմանյան երկրորդ կայսրությունը:  Պատահական չէ և լիովին հիմնավոր էվերլուծաբանների  հնչեցրած այն կարծիքը, որ սահմանադրական փոփոխությունները Թուրքիայի վերջին սկիզբն են:

Ի դեպ,  կարելի է ասել, որ   Էրդողանի այս քայլով  գոնե առաջիկա  տարիներին  գրողի ծոցը կուղարկվեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման  հորդորներն ու պահանջները: