Առևտրային նոր պայմանագիր հյուսիսամերիկյան երեք տերությունների միջև

Միացյալ Նահանգների նախագահը դառնալով՝ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե մտադիր է վերանայել առևտրային պայմանագիրը, որը 1994-ից ի վեր գործում է ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի միջև: Հոկտեմբերի 1-ին հայտնի է դարձել, որ այդ երեք երկրները առևտրային նոր պայմանագիր կկնքեն:
 
ՆԱՖԹԱ (North American Free Trade Agreement, NAFTA) անունով հայտնի այդ համաձայնագրի վերկանքման մասին առայժմ շատ մանրամասներ հայտնի չեն: Հաղորդվել է, որ հյուսիսամերիկյան ազատ առևտրի գոտու վերաբերյալ այդ գործարքի շուրջը համաձայնության են եկել Օտտավան ու Վաշինգտոնը, նրանց է միանալու նաև Մեխիկոն, և պետությունների ղեկավարներն այն ստորագրելու են առաջիկա երկու ամսում:
 
Global News-ի տվյալներով՝ Կանադան զիջումներ է արել ԱՄՆ-ի շուկա կաթնամթերք առաքելու հարցում: Իսկ Սպիտակ տունն իր հերթին համաձայնել է չհանել առևտրային տարաձայնությունները հատուկ իրավարար դատարանով որոշելու մասին կետը, որին ավելի վաղ խիստ դեմ էր: ԱՄՆ-ը և Կնադան համաձայնության են եկել NAFTA-ն պահպանել որպես եռակողմ առևտրային համաձայնագիր:
 
Կանադայի արտգործնախարար Քրիստի Ֆրիլանդի և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի համատեղ հայտարարության մեջ ասվում է, թե նոր համաձայնագիրը «կամրապնդի միջին դասը, կստեղծի լավ վարձատրվող հաջող աշխատատեղեր և նոր հնարավորություններ կընձեռի համարյա կես միլիարդ մարդու»:
 
Այս իրադարձությունն անարձագանք չի թողել ԱՄՆ նախագահ Թրամփը: Նա «Թուիթերում» գրառում է, արել՝ հայտարարելով, որ երեք երկրների միջև առևտրային նոր համաձայնագիրը, որն այժմ արդեն կոչվելու է USMCA, կնպաստի վերացնելու Հյուսամերիկյան ազատ առևտրի գոտու համաձայնագրի շատ թերություններ և սխալներ.
 
- Բոլոր երեք երկրների համար մեծ այս համաձայնագիրը վերացնում է NAFTA-ի շատ թերություններն ու սխալները, նշանակալի չափով շուկաներ է բացում մեր ագարակատերերի և ձեռնարկությունների համար, կրճատում է առևտրային պատնեշներն ԱՄՆ-ի համար և երեք մեծ պետություններին միավորում է մնացած աշխարհի հետ մրացակցության մեջ:
 
Սա նշանակո՞մ է արդյոք, որ աշխարհին առևտրային պատերազմ հայտարարած Թրամփը դաշնակիցների կարիք է զգում, և իրոք ուզում է իր վերևի ու ներքևի հարևանների հետ միավորվել մնացյալ աշխարհի դեմ: Բայց նաև հնարավոր է՝ նրա համար սա էլ այս «պատերազմի» ճակատներից մեկն է, որտեղ փորձում է նոր հաղթանակների հասնել: Որովհետև կապիտալիզմ կոչվածը շահույթի անզիջում մրցավազք է, և դժվար է երևակայել, թե այդ մրցակցության մեջ հնարավոր է որևէ բան անվարձահատույց զիջել նույնիսկ արյունակից հարևանին: