Մեծ Բրիտանիայում տուն ձեռք բերող օտարերկրացիներն ավելի շատ կվճարեն

Թե որքանով է ժողովրդավարական կամ արդար Մեյի կառավարության այս որոշումը` թող բրիտանացիներն իրենք կողմնորոշվեն: Սակայն այս ամենն իմանալով` անհնար է մեզ հետ զուգահեռներ չանցկացնել:

Ասում են` այժմ Հայաստանում աշխուժորեն անշարժ գույք են ձեռք բերում Իրանի քաղաքացիները, նրանց թվում` բազմաթիվ ադրբեջանցիներ: Մեր օրենքները ոչ մի սահմանափակում չունեն: Ելնելով նրանց նպատակասլաց հայատեցությունից` բացառված չէ, որ մի օր հանկարծ հասկանանք, որ լավ կյանքի հետևից ընտանիքներով արտասահմաններ մեկնող հայերն իրենց տունուտեղն էժան վաճառել են հենց նրանց, ու նրանք մեր երկրում արդեն ավելի շատ են, քան մենք: Իսկ մենք հայտնի կենդանու ականջում քնած` չենք էլ փորձում որևէ քայլ ձեռնարկել:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կիրակի օրով խոսել է կառավարության ծրագրերի մասին, որոնք կնպաստեն երկրի բնակիչների համար տնազրկության խնդիրը լուծելուն: Նա ասել է, թե նպատակ է դրել երաշխքիներ ստեղծել, որ բրիտանացիները  կարողանան բնակարաններ ձեռք բերել: Միայն թե, ըստ էության, դրա համար վճարողները լինելու են Մեծ Բրիտանիայում բնակելի անշարժ գույքի հավակնություն ունեցող արտասահմանցիները:
Մեյի հայտարարությունից բխում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շուտով կհայտարարի, որ անշարժ գույքի արժեքի 3%-ի չափով հարկ է սահմանվում բնակարան ձեռք բերող արտասահմանցիների` ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար:

ՏԱՍՍ-ի մեկնաբանությամբ` նման որոշմամբ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հույս ունեն բնակելի անշարժ գույքի շուկայում մեղմել արտասահմանցիների բացասական ազդեցությունը:
Ավելի վաղ Լեյբորիստական կուսակցությունը խնդրի լուծումը համարել էր այն, որ երկրորդ բնակարանը ձեռք բերող բրիտանացիներից ավելի շատ հարկ գանձվեր: Երևում է`այս առաջարկությունն էլ կառավարությանը հուշել է հարկերը բարձրացնել` դրանից զերծ պահելով բուն բրիտանացիներին և ծախսերի բեռը դնելով օտարների վրա: