Ճապոնիայի և ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարները կարճ զրույց են ունեցել

ՇՈՇԱՓՎԱԾ ԹԵՄԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ

ՄԱԿ-ի նյույորքյան վեհաժողովը մի հարթակ էր, որտեղ գործընթացներ են զարգանում նաև նիստերից դուրս: Այնտեղ կարճ հանդիպում են ունեցել Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարները: Այս երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն, իսկ մեկ տարի առաջ թվում էր՝ ամեն րոպե կարող է նրանց միջև պատերազմ բռնկվել:
 
Ինչպես հաղորդել է NHK հեռուստաալիքը՝ Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոն 20-րոպեանոց հանդիպում է ունեցել իր հյուսիսկորեական գործընկեր Լո Յոն Հոյի հետ, սակայն դրա վերաբերյալ Ճապոնիայի արտաքին գործերի պատասխանատուն հրաժարվել է ճապոնացի լրագրողներին մանրամասներ հայտնել: Իրենց բանակցությունների թեման Կոնոն չի բացահայտել: 
 
Ենթադրվում է, որ այս անգամ արտգործնախարարները զրուցել են Հյուսիսային Կորեայի հետախուզական ծառայությունների կողմից Ճապոնիայի քաղաքացիների առևանգման մասին: 2002թ. Փհենյանը ընդունել է Ճապոնիայի միայն 13 քաղաքացիների առևանգման փաստը և նրանցից 5-ին թույլ է տվել հայրենիք վերադառնալ: Մյուսները հայտարարվել են մահացած, իսկ նրանց հարազատներին ուղարկվել են մարմինների մնացորդները, որոնց իսկությունը հաստատել չի հաջողվել: 
 
Վերջին ժամանակներս Տոկիոն ձգտում է ընդլայնել հաղորդակցությունը Փհենյանի հետ՝ դա դիտելով որպես հնարավորություն իր քաղաքացիների առևանգման խնդիրը լուծելու համար: Հենց այս ամռանը Հյուսիսարևելյան Ասիայի անվտանգությանը նվիրված «Ուլանբատորյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպում է տեղի  ունեցել Ճապոնիայի և ԿԺԴՀ-ի ներկայացուցիչների միջև: Դրանից բացի, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն բազմիցս հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ հանդիպելու ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այս ամենը, իհարկե, դեռևս դիվանագիտական հարաբերությունների հաստատում չի նշանակում, սակայն երկխոսության ձգտելն արդեն իսկ դրական է: