ԱՄՆ ընտրություններին հիմա էլ Չինաստա՞նն է միջամտում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ զանգվածային ոչնչացման զենքերի տարածման հակազդեցությանը նվիրված նիստի հենց սկզբում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրանք է հնչեցրել Չինաստանի հասցեին: Թրամփը հայտարարել է, թե Պեկինը միջամտում է ԱՄՆ կոնգրեսի նախապատրաստվող ընտրություններին: Ըստ նրա՝ Չինաստանը փորձեր է ձեռնարկում ներգործություն ունենալ Կոնգրեսում հանրապետականների միջանկյալ ընտրությունների արդյունքների վրա, որպեսզի ի չիք դարձնի հանրապետականների հաղթանակը և խանգարի ամերիկյան արդի վարչակազմի առևտրային քաղաքականությանը:
 
Չմոռանանք, որ նորանոր  բարձր մաքսատուրքեր սահմանելը և պատժամիջոցների խստացումը Չինաստանի հետ Միացյալ Նահանգների մերօրյա հարաբերությունների ամենաբնորոշ գիծն են: 
 
Չինաստանի արտգործնախարար Վան Ին, սակայն հերքել է Թրամփի այդ մեղադրանքը՝ ընդգծեով, որ Չինաստանն այլ երկրների գործերին երբեք չի միջամտել:
 
- Ես ցանկանում եմ ընդգծել, որ Չինաստանը միշտ հետևել է այլ պետությունների գործերին չմիջամտելու սկզբունքին, դա մեր ավանդական քաղաքականությունն է: Մենք չենք միջամտել և չենք միջամտում որևէ երկրի ներքին գործերին: Մենք հրաժարվում ենք ընդունել Չինաստանի հասցեին նման չհիմնավորված մեղադրանքները,- շեշտել է ՉԺՀ ԱԳ նախարարը: 
 
Միացյալ Նահանգները հիմա էլ Չինաստանին է մեղադրում իր ընտրություններին միջամտելու համար… Այնպիսի տապավորություն է, թե ԱՄՆ-ը մի անպաշտպան երկիր է, որտեղ ով ինչ ցանկանա, կանի: 
 
Եթե Միացյալ Նահանգներում ընտրությունների մեխանիզմն այնքան անխոցելի է, որքան իրենք են ներկայացնում ու ուրիշներին էլ նույնն առաջարկում, ուրեմն ինչպե՞ս է հնարավոր, որ ուրիշ պետություններ կարողանան դրանց վրա էական ազդեցություն ունենալ: Մնում է եզրակացնել, որ կամ ԱՄՆ-ում ընտրական համակարգն է թերի, կամ որ նրա այսօրվա իշխանություններին ընդամենը պատրվակ է հարկավոր, որպեսզի հակառակորդների հետ հաշիվ մաքրելու հիմքեր ստեղծեն: Երկու դեպքում էլ տուժողը ԱՄՆ վարկն է լինում: