Իրանը միջուկային գործարքի իր մասը լիովին կատարում է

Իրանը միջուկային գործարքի իր մասը լիովին կատարում է: Սեպտեմբերի 25-ին դա հաստատել է Եվրամիության արտասահմանյան գործերի և քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Մոգերինին նման հայտարարություն է արել Համատեղ համապարարփակ գործողությունների ծրագրի անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
 
2015թ. հուլիսի 15-ից ուժի մեջ մտած այդ գործարքի մյուս կողմերն են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան: Իսկ մյուս անդամ Միացյալ Նահանգները, միջազգային հանրությունը լավ հիշում է, այս տարվա մայիսին դուրս եկավ այդ պայմանագրից:
 
ՀՀԳԾ-ի մյուս կողմը Գերմանիան է, որը ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ չէ: Այսպիսով՝ Իրանի միջուկային պայմանագրին հավատարիմ մնացած չորս երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ շեշտվում է՝ Իրանը լիովին կատարում է միջուկային ոլորտի իր բոլոր պարտավորությունները:
 
Ըստ այդ պայմանագրի՝ Իրանի միջուկային օբյեկտներում միշտ պետք է ներկա լինեն ՄԱԳԱՏԷ-ի վերահսկիչներրը, որոնք պետք է հետևեն, որ երկրի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ կրի: Պայմանագիրը նաև ենթադրում է իրանական հարստացված ուրանի մի մասի դուրսբերում  արտասահման, Ֆորդոյի հարստացուցիչ գործարանն էլ պիտի վերափոխվի գիտական կենտրոնի: Իսկ ահա միջուկային որևէ ձեռնարկություն կազմաքանդելու պարտադրանք չկա: Միչդեռ Հյուսիսային Կորեայի պարագայում Միացյալ Նահանգները պահանջել է երկիրը լիովին միջուկազերծել, ձեռնարկություններն էլ վերացնել: 
 
Իրանի վերաբերյալ այս նոր եզրակացությունը, իհարկե, ոչ մի չափով չի փոխի Միացյալ Նահանգների պահանջն Իրանից: Խոսք կա, որ Իսրայելի պաշտպանության նախարարի մեկշաբաթյա այցը մեր հարևաններ Վրաստանին և Ադրբեջանին նույնպես հիմնականում Իրանի դեմ էր ուղղված: