Ապագայում ՉԺՀ-ն ԱՄՆ-ի համար ավելի վտանգավոր կդառնա, քան ՌԴ-ն է այսօր

Չինաստանի անօրինակ վերելքը Միացյալ Նահանգներին վաղուց է անհանգստացնում, և մեր օրերում դա դրսևորվում է օրեցօր ավելացող տնտեսական պատժամիջոցներով ու բարձր մաքսատուրքերով: ԱՄՆ Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն էլ սեպտեմբերի 20-ին դրա մասին ուղղակի ասել է Fox News հեռուստաալիքի հսկայական լսարանին: Ըստ Պոմպեոյի՝ ժամանակի հետ ՉԺՀ-ն Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար ավելի վտանգավոր կդառնա, քան Ռուսաստանն է այսօր:
 
Fox News հեռուստաալիքի եթերում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Պոմպեոն նախ նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է դիմադրի և հակահարված տա Ռուսաստանին, քանի որ նա այժմ իրեն այնքան ագրեսիվ է պահում, որ միջամտում է Ամերիկայի ընտրություններին: Իսկ ահա  երկարաժամկետ հեռանկարում, ըստ Միացյալ Նահանգների արտաքին գործերի պատասխանատուի, «ամերիկյան ապրելակերպի և տնտեսական աճի համար Չինաստանը շատ ավելի վտանգավոր է (հաղորդում է «Ինտերֆաքսը»):
 
Եթե նկատի ունենանք, թե որքան արագ է աճում Չինաստանի բնակչությունը, ինչքան էլ այնտեղ փորձում են դրա վրա կապանքներ դնել, ու նաև այն, որ բարձր գաղափարներն արհամարհող մեր դարում այդ երկրի մարդիկ շարունակում են հետևել դարերի խորքից բերած ու փորձություններին դիմացած իրենց ազգային ավանդույթներին, ԱՄՆ պետքարտուղարը, իհարկե, չի սխալվում՝ ժամանակի հետ Չինաստանը ամեն ինչով կգերազանցի Ռուսաստանին: 
 
Երևում է՝ իրոք, ապագան այն պետություններին է, որոնք հենվում են իրենց ազգային արժեքների ու ավանդույթների վրա՝ միաժամանակ իրենց մյուսներից վեր չդասելով և չանտեսելով դարիս աներևակայելի հնարավորությունները: Այնպես որ, դեռևս հաստատ էլ չէ՝ այդ ապագայում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ինչ կարգավիճակում կլինեն: Մանավանդ՝ այս երկուսն էլ սեփական բացառիկության մարմաջ ունեն և այնպիսի էթնիկ կազմ, որից գլուխ հանել չի լինի: